Դաշնամուր, ջազ և 30 կմ վազք․ 10 փաստ Լևոն Արոնյանի մասին, որոնք կարող էին չիմանալ նույնիսկ հայերը
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հոկտեմբերի 6-ին նշում է ծննդյան 44-ամյակը։ Նա ծնվել է 1982 թվականին Երևանում։ Շախմատ խաղալ սկսել է 9 տարեկանում, իսկ արդեն 12 տարեկանում դարձել է աշխարհի չեմպիոն իր տարիքային խմբում։
Արոնյանի անունը հայկական շախմատի ամենամեծ հաջողությունների հետ է կապված։ Հայաստանի հավաքականի կազմում նա երեք անգամ՝ 2006, 2008 և 2012 թվականներին, դարձել է Շախմատային օլիմպիադայի հաղթող, 2011-ին՝ աշխարհի թիմային առաջնության չեմպիոն։ Նա նաև երկու անգամ՝ 2005 և 2017 թվականներին, նվաճել է Աշխարհի գավաթը։
Սակայն շախմատային խաղատախտակից դուրս Արոնյանը ոչ պակաս հետաքրքիր աշխարհ ունի՝ դասական երաժշտությունից ու ջազից մինչև պոեզիա, վազք և հեծանիվ։
«Նովոստի–Արմենիան» նրա ծննդյան օրվա առիթով հավաքել է 10 փաստ Լևոն Արոնյանի մասին, որոնք գուցե չգիտեիք։
1. Շախմատ խաղալ նրան սովորեցրել է քույրը
Արոնյանն առաջին քայլերը շախմատում արել է 9 տարեկանում։ Շախմատ խաղալ նրան սովորեցրել է ավագ քույրը՝ Լիլիթը։ Ընդամենը մի քանի տարի անց՝ 1994 թվականին, Արոնյանը Հունգարիայի Սեգեդ քաղաքում հաղթել է մինչև 12 տարեկանների աշխարհի առաջնությունում՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր։
Հետաքրքիր է, որ տարիներ անց Արոնյանը պատմել է նաև 1996 թվականի երևանյան Շախմատային օլիմպիադայից մի դրվագ․ նրա քույրն այնտեղ աշխատում էր որպես թարգմանիչ և հենց նա է երիտասարդ Լևոնին օգնել լուսանկարվել արդեն մեծ աստղ համարվող Վլադիմիր Կրամնիկի հետ։

2. Շախմատի հետ նրա կյանքում նաև դաշնամուր կար
Մանուկ հասակում Արոնյանը շախմատին զուգահեռ հաճախել է նաև դաշնամուրի դասերի։ Նա շուրջ մեկ տարի դաշնամուր է սովորել, սակայն հետո շարունակել է զբաղվել շախմատով։ Երաժշտությունը, սակայն, չի անհետացել նրա կյանքից։
«Իմ երկրորդ ես-ը միշտ ձգում է դեպի դասական երաժշտություն»,– տարիներ անց պատմել է Արոնյանը։
3. Օրական մի քանի ժամ երաժշտություն է լսում, իսկ ջազում առանձնացնում է Ջոն Քոլթրեյնին
Երաժշտությունն Արոնյանի համար պարզապես ֆոնային զբաղմունք չէ։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ հազիվ թե օր լինի, երբ երկու-երեք ժամ երաժշտություն չլսի։ Հատկապես սիրում է դասական երաժշտություն և ջազ։

Դասական երաժշտության մեջ նրա նախասիրությունների ցանկը բավական տպավորիչ է՝ Բախ, Բեթհովեն, Բրուքներ, Շոստակովիչ, Մալեր։ Արոնյանը պատմել է նաև, որ Տիգրան Մանսուրյանի հետ զրույցներից շատ բան է սովորել սիմֆոնիկ երաժշտության մասին։
Իսկ ջազում նա հատկապես առանձնացնում է ամերիկացի լեգենդար սաքսոֆոնահար Ջոն Քոլթրեյնին, որի երաժշտության մասին տարբեր հարցազրույցներում խոսել է առանձնահատուկ ջերմությամբ։
4. Սիրում է պոեզիա, իսկ երիտասարդական առաջնությանը Խլեբնիկով էր կարդում
Արոնյանի մեկ այլ մեծ հետաքրքրությունը գրականությունն է։ Նա պատմել է, որ մանկուց սիրում է կարդալ և հատկապես սիրում է պոեզիա։
Այս սիրո հետ կապված զվարճալի պատմություն էլ ունի։ Երբ Հնդկաստանում մասնակցել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը, իր հետ տարել է ռուս բանաստեղծ Վելիմիր Խլեբնիկովի գիրքը։ Ճանապարհին նրա փոքր ուսապարկը գողացել են՝ գրքի հետ միասին։
Արոնյանը հետագայում կատակով պատմել է, որ գողերին, երևի, նախ պետք էր ռուսերեն սովորել, հետո նոր հասկանալ Խլեբնիկովի առանձնահատուկ լեզուն։
5. Կարող է 30 կմ վազել
Շախմատային մրցաշարերը պահանջում են ոչ միայն մտավոր, այլև ֆիզիկական դիմացկունություն, և Արոնյանը մշտապես կարևորել է մարզավիճակը։
Հարցազրույցներից մեկում նա մի ուշագրավ օրինակ է բերել՝ ասելով, որ սիրում է վազել և գիտի, որ կարող է 30 կմ վազել առանց մեծ դժվարության։

6. Սիրում է նաև հեծանիվն ու լողը
Վազքը Արոնյանի միակ մարզական հետաքրքրությունը չէ։ Նա սիրում է նաև հեծանիվ վարել և լողալ։
Հարցազրույցներից մեկում Արոնյանը պատմել է, որ հեծանիվ վարելու հանդեպ սերը դեռ Բեռլինում ապրելու տարիներից է գալիս։
7. Խաղից առաջ՝ զբոսանք կամ երաժշտություն
Արոնյանն ունի նաև խաղից առաջ հանգստանալու իր ձևը։ Եթե եղանակն ու միջավայրը հարմար են, նա սիրում է պարտիայից առաջ 10-15 րոպե զբոսնել։
Իսկ եթե զբոսնելու հնարավորություն չկա, ընտրում է երաժշտությունը՝ մոտ 15 րոպե պառկում և երաժշտություն է լսում՝ երբեմն դասական, երբեմն՝ ջազ։

8. Ազատ խոսում է երեք լեզվով, իսկ մտածում՝ երեքի խառնուրդով
Արոնյանը պատմել է, որ ազատ խոսում է հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Իսկ երբ նրան հարցրել են, թե որ լեզվով է մտածում շախմատային պարտիայի ժամանակ, բավական հետաքրքիր պատասխան է տվել։
Նրա խոսքով՝ կան բազմաթիվ արտահայտություններ, որոնք դժվար է թարգմանել մի լեզվից մյուսը, այդ պատճառով ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ խաղի ժամանակ մտածում է երեք լեզուների խառնուրդով։
Ընդ որում, երեքից ամենաօգտակար լեզուն Արոնյանը կատակով անվանել է հայերենը․ թիմային մրցումների ժամանակ այն թույլ է տալիս թիմակիցների հետ հանգիստ քննարկել մրցակիցներին։
9․ Սիրում է ասիական խոհանոց և ինքն էլ է պատրաստում
Արոնյանը տարբեր հարցազրույցներում խոսել է ասիական խոհանոցի հանդեպ սիրո մասին։ Իր սիրելի երկրներից մեկի՝ Մալայզիայի մասին խոսելիս նա առանձնացրել է նաև տեղի «անհավանական խոհանոցը»։
Արոնյանն ինքն էլ երբեմն պատրաստում է։ Նրա խոսքով՝ կարողանում է պատրաստել տարբեր ապուրներ, ձուկ, իսկ պաստան, ինչպես ինքն է գնահատել, «վատ չի ստացվում»։

10. Նրա մասին գիրք է գրել մայրը
2012 թվականին, Արոնյանի 30-ամյակի կապակցությամբ, լույս է տեսել նրա մասին գիրք, որի հեղինակը նրա մայրն է՝ Սեդա Ավագյան-Արոնովան։
Գրքում նա պատմել է որդու մանկության, հաջողությունների, դժվարությունների և շախմատային ճանապարհի մասին։ Շնորհանդեսի ժամանակ Արոնյանը նշել է, որ մայրը շատ դժվարությունների միջով է անցել իր համար «շախմատային հեքիաթ» ստեղծելու համար։

