Փաշինյանը բացատրել է՝ ինչու Շաքիի բնակիչներին նախապես չէին զգուշացրել ադրբեջանցի զինծառայողի մասին

06.10.2026, 23:09
Վարչապետի խոսքով՝ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել էր Հայաստանին զինծառայողի անհետանալու մասին, որից հետո որոնողական աշխատանքներ են իրականացվել
Փաշինյանը բացատրել է՝ ինչու Շաքիի բնակիչներին նախապես չէին զգուշացրել ադրբեջանցի զինծառայողի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Շաքիի բնակիչներին ադրբեջանցի զինծառայողի որոնումների մասին նախապես չեն տեղեկացրել, քանի որ որևէ ապացույց կամ վստահություն չի եղել, որ նա անցել է Հայաստանի տարածք, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ այդ զինվորը Հայաստանի տարածք է անցել, որովհետև զինվորներ ինքնակամ լքում են տարածքը, և առանց որևէ փաստի, որ զինվորը գտնվում է Հայաստանի տարածքում, այդպիսի տեղեկություն տալ՝ դա կնշանակի, որ կեղծ տեղեկություն ենք տալիս», – ասել է Փաշինյանը «Ինֆոքոմի» «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում։

Վարչապետի խոսքով՝ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել էր Հայաստանին զինծառայողի անհետանալու մասին, որից հետո որոնողական աշխատանքներ են իրականացվել։

Նա նշել է, որ որոնումների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան ծառայություններն ամեն օր կապի մեջ են եղել, սակայն որևէ փաստ չի եղել, որ զինծառայողն անցել է Հայաստանի տարածք և արդեն կարող է հասնել բնակավայր։

Փաշինյանի խոսքով՝ ԱԱԾ-ն համապատասխան հաղորդագրություն է տարածել միայն այն բանից հետո, երբ հաստատվել է, որ զինծառայողը Հայաստանի Հանրապետություն է անցել։

«Պատկերացրեք՝ լինի հաղորդագրություն, որ զինվոր է անցել Հայաստանի Հանրապետություն և մի ամիս չգտնեն։ Հետո պարզվի, որ զինվորը որևէ տեղ Ադրբեջանում է կամ ինչ-որ մի տեղ։ Այսինքն՝ ամիսներով պետք է այդ խուճապի մթնոլորտը պահպանվի», – ասել է նա։

Փաշինյանը նաև հայտնել է, որ խոսքը բարդ ռելիեֆով և տասնյակ կիլոմետրեր ընդգրկող տարածքի մասին է, որտեղ հայկական կողմը որոնողական աշխատանքներ է իրականացրել։

Սյունիքում միջադեպի մասին

ՀՀ դատախազությունը հայտնել է, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Շաքիի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Դրա հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, սակայն նույն օրը՝ ժամը 15։30-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։

ՀՀ դատախազությունից հայտնել են նաև, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել է մայրիկի ոտքին:
Դատախազությունից հայտնել են նաև, որ վիրավորված քաղաքացու երկու երեխաները՝ 2011 և 2014 թվականներին ծնված, մարմնական վնասվածքներով դիմել են Սիսիանի բժշկական կենտրոն։ 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք։

5 հոդվածով ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սյունիքում կնոջը վիրավորում հասցրած ադրբեջանցու նկատմամբ։

Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, (Պետական սահմանն ապօրինի հատելը) 340-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի մաքսանենգությունը) 335-րդ հոդվածի 1-ին մասով, (հրազենի ապօրինի շրջանառությունը) 207-րդ հոդվածի 1-ին մասով, ( Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը): Ադրբեջանցի զինծառայողը երկու ամսով կալանավորվել է։

Կարդացեք նաև․ Շաքիում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը կդատապարտվի՞ և կմնա՞ Հայաստանում․ Փաշինյանը պարզաբանել է