Դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայցերն ընդդեմ ԿԸՀ-ի
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու հայցերն ընդդեմ ԿԸՀ-ի՝ երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, հայտնել է ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, դատավոր Արթուր Ավագյանն արձանագրել է խախտման փաստը և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտությունը։
Այս կապակցությամբ Տոնոյանը կուսակցության կողմնակիցներին, ընդդիմության, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներին և քաղաքացիներին կոչ է արել հունիսի 14-ին, ժամը 17:30-ին հավաքվել ԿԸՀ շենքի մոտ:
Հանձնաժողովում ժամը 18:00-ին ամփոփվելու են (հունիսի 7-ին կայացած) խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։
«Սա պայքար է հանուն արդարության, այլ ոչ թե մեկ կուսակցության շահերի համար: Սա պայքար է ընտրողի իրավունքի վերականգնման համար: Սա պայքար է մեր ընդհանուր վաղվա օրվա համար»,- հայտարարել է Տոնոյանը։
Հայցային պահանջների մասին
ԲՀԿ-ն ավելի վաղ Վարչական դատարանում բողոքարկել էր երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ԿԸՀ որոշումները։ Կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը դատարանում հայտարարել էր, որ այդ որոշումների հետևանքով ԲՀԿ-ի համար խնդիր է առաջացել 4 տոկոսանոց անցողիկ շեմը հաղթահարելու հարցում։
Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ ԿԸՀ-ն իրավասու չէր տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել, քանի որ դա մտնում է տարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունների մեջ։ Ըստ նրանց՝ հանձնաժողովը կարող էր որոշում կայացնել կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին, սակայն չի արել դա։
ԿԸՀ նախագահի տեղակալն իր հերթին հայտարարել է, որ հանձնաժողովը գործել է Ընտրական օրենսգրքի շրջանակներում, և դատարանին խնդրել է մերժել հայցը։
Այս շաբաթ տեղի ունեցած ձայների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի արդյունքն ավելացել էր 147 ձայնով։ Սակայն N 35/65, N 10/51 և N 12/13 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելուց հետո կուսակցությունը կորցրել է 222 ձայն։

