Սամվել Կարապետյանը պահանջել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ

12.06.2026, 15:24
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր Գրուպ» հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ տուրի անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ ՀՀ-ին լեգիտիմ իշխանություն է պետք
Սամվել Կարապետյանը պահանջել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր Գրուպ» հոլդինգի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ Հայաստանին լեգիտիմ իշխանություն է պետք։

«Մենք դիմել ենք ԿԸՀ, հետո կդիմենք ՍԴ երկու պահանջով՝ չեղարկել ընտրությունները և նշանակել երկրորդ փուլ։ Եթե ինքը (Փաշինյանը խմբ.) վստահ է իր հաղթանակի մեջ, ապա երկրորդ փուլում մենք պետք է որոշենք՝ հաղթե՞լ է, թե՞ ոչ», - ուրբաթ կայացած լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Կարապետյանը։

Նրա կարծիքով՝ ընտրություններն ամբողջությամբ տապալվել և կեղծվել են։

Նա ընդգծել է, որ «Փաշինյանը չի հաղթել, մենք նույնպես չենք հաղթել»։

«Հայաստանին լեգիտիմ իշխանություն է պետք, նա դա չի ապահովել։ Հիմա նա, «աչքերին թոզ փչելով», իրեն իշխանություն է անվանում։ Մեր բոլոր մարզային համակարգողները ձերբակալված են, 780 մարդ բերման է ենթարկվել», - ասել է Կարապետյանը։

Միևնույն ժամանակ, որպես առաջնահերթ խնդիր, նա անվանել է «Փաշինյանի հեռացումը»՝ կա՛մ խորհրդարանի, կա՛մ փողոցային պայքարի միջոցով։

Պատասխանելով փողոցային պայքարում ընդդիմության հնարավոր առաջնորդի մասին հարցին՝ Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմության միանձնյա առաջնորդ չի լինելու, «քանի որ բոլորն էլ տուժել են նախընտրական պայքարից և Փաշինյանի քաղաքականությունից, և բոլորը պետք է մասնակցեն»։

Ընտրությունների մասին

ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:

Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր հունիսի 12–ին դիմել է ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և վերանայել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ սկսել է խորհրդակցություններ քաաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։