Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին, նախքան Փաշինյանին շնորհավորելը․ Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում ընտրության պաշտոնական արդյունքներին, նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ ուղարկելը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այստեղ կարևոր է սպասել ինչ-որ վերջնական պաշտոնական արդյունքների։ Այնուամենայնիվ, նախընտրում ենք սպասել ինչ-որ պաշտոնական եզրակացությունների», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ քվեարկության ընթացքում Հայաստանից «բազմաթիվ խախտումների մասին հաղորդումներ էին ստացվում», այդ պատճառով պաշտոնական արդյունքներն առանձնահատուկ կարևոր են։
ՀՀ ԱԺ ընտրությունների մասին
Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։
ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։

