ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել վարորդական իրավունքի վերականգնման պարզեցված կարգին

12.06.2026, 17:49
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը  հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու նախագծին
ՀՀ ԱԺ  հանձնաժողովը հավանություն է տվել վարորդական իրավունքի վերականգնման պարզեցված կարգին

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․  ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ուրբաթ կայացած նիստում հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին, որով նախատեսվում է զրկումից հետո վարորդական իրավունքի վերականգնման պարզեցված կարգ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր փոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների համար վարորդական իրավունքի վերականգնման մեխանիզմը։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ նոր մոդելով քաղաքացին կկարողանա մեկ անգամ վերականգնել վարելու իրավունքը՝ առանց կրկնակի քննություններ հանձնելու, 50 հազար դրամ պետական տուրքի վճարման դեպքում։

«Այդպիսի կարգը կգործի վարելու իրավունքից զրկելու հիմքը վերանալուց հետո մեկ տարվա ընթացքում դիմելու դեպքում», - նշել է Սարգսյանը։

Նա պարզաբանել է, որ այդ ընթացքում փորձաշրջանի համար վարորդին կտրամադրվի 6 բալ՝ ստանդարտ 13-ի փոխարեն, և դրանց սպառման դեպքում նա կրկին կզրկվի վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։

«Նախագծով նախատեսվում է նաև անցումային դրույթ։ Դրա համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան մեկ անգամ վերականգնել վարելու իրավունքը պարզեցված ընթացակարգով՝ պետական տուրքի վճարմամբ և մեկ տարի փորձաշրջանի համար 6 բալի տրամադրմամբ», - ասել է Սարգսյանը։

Առաջարկվել է այս փոփոխությունները քննարկել Ազգային ժողովի առաջիկա նիստում՝ 24-ժամյա ռեժիմով։