Մեկ դոնոր, երեք փրկված կյանք. ովքե՞ր կարող են դառնալ արյան դոնոր և որո՞նք են հակացուցումները

12.06.2026, 19:07
«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը և արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը ներկայացրել են, թե ովքեր կարող են դառնալ դոնոր և ինչու է պարբերական արյունատվությունը օգտակար հենց  դոնորի առողջության համար։
Մեկ դոնոր, երեք փրկված կյանք. ովքե՞ր կարող են դառնալ արյան դոնոր և որո՞նք են հակացուցումները

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեկ դոնորի հանձնած արյունը կարող է փրկել մինչև 3 կյանք։ Սակայն արյան պաշարները մշտապես սպառվում են. դրանք երբեք չեն կարող հասնել մի կետի, որտեղ հնարավոր լինի ասել՝ «այսքանը բավարար է»։

Արյան դոնորի համաշխարհային օրվան ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը և արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը ներկայացրել են, թե ովքեր կարող են դառնալ դոնոր և ինչու է պարբերական արյունատվությունը օգտակար հենց դոնորի առողջության համար։

Մշտական սպառում և սահմանափակ ժամկետներ

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ չնայած հանրապետությունում տարեցտարի դիտվում է արյունատվությունների ընդհանուր թվի աճ, համակարգը մշտապես աշխատում է բարձր պահանջարկի պայմաններում։

«Դրանք մշտապես օգտագործվում են։ Ե՛վ պահպանման ժամկետն է սահմանափակ, և՛ օգտագործման պահանջարկն է մեծ», - ընդգծեց Գրիգորյանը։

Մասնագետը շեշտեց, որ բժշկության համար կարևոր է ոչ թե կոնկրետ պահին մեծ քանակությամբ արյան առկայությունը, այլ մշտական, կանոնավոր արյունատվությունների հաշվին բոլոր խմբերի բավարար քանակության ապահովումը հենց անհրաժեշտ պահին։

Ովքե՞ր կարող են դառնալ դոնոր

Անդրանիկ Շամիլյանը պարզաբանեց, որ դոնոր կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր չափահաս և առողջ քաղաքացի, որը չունի քրոնիկական հիվանդություններ։

«Կան որոշակի չափանիշներ. մարմնի զանգվածը կանանց համար պետք է լինի 52 կգ-ից, տղամարդկանց համար՝ 62 կգ-ից բարձր, արյան հեմոգլոբինի մակարդակը կանանց համար՝ 125 գ/լ-ից, տղամարդկանց համար՝ 135 գ/լ-ից բարձր։ Զարկերակային ճնշումը և անոթազարկը նույնպես պետք է լինեն նորմայի սահմաններում», - նշեց Շամիլյանը։

Հակացուցումներ

Դոնոր դառնալու համար կան որոշակի սահմանափակումներ, որոնք, ըստ Անդրանիկ Շամիլյանի, բաժանվում են երկու հիմնական խմբի՝ մշտական և ժամանակավոր:

«Մշտական հակացուցումներից են արյան միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունները, սիրտ-անոթային համակարգի խնդիրները, գլխուղեղի հետ կապված հիվանդությունները և հոգեկան խանգարումները», - պարզաբանեց մասնագետը։

Ինչ վերաբերում է ժամանակավոր սահմանափակումներին, ապա դրանց շարքին են դասվում սուր շնչառական վարակները, բարձր ջերմությունը, դեղորայքի օգտագործումը, պատվաստումները, ինչպես նաև տարբեր բժշկական գործիքային միջամտությունները, որոնց ժամանակ տեղի է ունեցել կոնտակտ արյան հետ: Իսկ դաջվածքների պարագայում ժամանակավոր հակացուցումը տևում է 6 ամիս:

Ինչպե՞ս է ապահովվում անվտանգությունը

Արյունատվության գործընթացը բաղկացած է մի քանի պատասխանատու փուլից. դոնորը նախ լրացնում է առողջական վիճակի վերաբերյալ հարցաթերթիկ, ապա անցնում թերապևտի զննում:

«Հաջորդ փուլում արդեն որոշում ենք՝ արդյոք արյունը պիտանի՞ է փոխներարկման համար։ Այստեղ թեստավորում ենք արյան միջոցով արագ տարածվող ինֆեկցիաները», - ասաց Շամիլյանը։

Նրա խոսքով՝ վարակիչ ինֆեկցիաների բացառման նպատակով կիրառվում է երկաստիճան հետազոտություն. արյունը ստուգվում է ինչպես հակածին-հակամարմին մեթոդով, այնպես էլ իրականացվում է վիրուսի ԴՆԹ/ՌՆԹ-ի հայտնաբերման առավել զգայուն թեստավորում:

Մասնագետը հավելեց, որ արյունատվությունների միջև ընկած նվազագույն ժամկետը 2 ամիսն է: Տարվա կտրվածքով առավելագույն քանակը տղամարդկանց համար 5 արյունատվությունն է, կանանց համար՝ 4-ը։

Դոնորությունը որպես առավելություն

Շատ մարդիկ վախենում են արյունատվությունից, որովհետև մտածում են, թե դա կարող է վնասել իրենց առողջությանը կամ առաջացնել կախվածություն, սակայն ըստ Գրիգորյանի, պատկերն իրականում հակառակն է:

«Ժամանակակից բոլոր գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ մարդկանց մոտ պարբերաբար, թույլատրելի չափաքանակով արյունատվությունները ոչ միայն անվտանգ են, այլև նպաստում են իրենց առողջությանը», - նշեց մասնագետը։

Բացի այդ, քաղաքացիները մինչև արյուն հանձնելն անվճար անցնում են նաև լաբորոտոր հետազոտություններ։

Գրիգորյանը նշեց, որ դոնորների համար գործում են նաև պետականորեն սահմանված հստակ արտոնություններ ու խթանման մեխանիզմներ։

Աշխատող քաղաքացիները արյունատվության օրը կարող են ունենալ հանգստյան օր՝ աշխատավարձի լիարժեք պահպանմամբ: Կրթություն ստացողները ևս արյուն հանձնելու օրն ունենում են հանգստյան օր, իսկ դասերից բացակայությունը համարվում է հարգելի: