«Ուժեղ Հայաստան» դաշինքը մանդատների մասով դեռ քաղաքական որոշում չունի. դաշինքի անդամ

10.06.2026, 17:49
Այս հարցի շուրջ ներկայումս խորհրդակցություններ են ընթանում, ասել է նա
«Ուժեղ Հայաստան» դաշինքը մանդատների մասով դեռ քաղաքական որոշում չունի.  դաշինքի անդամ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը դեռևս քաղաքական որոշում չի կայացրել նոր ձևավորվող խորհրդարանում մանդատների վերաբերյալ, հայտարարել է դաշինքի խորհրդի անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը։

«Հիմա մենք ո՛չ քաղաքական որոշում ունենք, ո՛չ էլ համապարփակ քաղաքական քննարկումներ ենք իրականացրել։ Որոշումներ ունենալու համար պետք է արդյունքներն ամփոփ լինեն։ Սրանք նախնական արդյունքներ են», - ասաց Մելոյանը ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ ներկայումս խորհրդակցություններ են ընթանում։

«Մեզանից որևէ մեկը այդ մանդատի կռվի համար չէր այս պայքարի մեջ մտել. լուրջ հարցեր, խնդիրներ կան։ Բոլորիս համար էլ սա անձնական մեծ նեղություն է, բոլորս էլ լուրջ հետևանքներ ու ծանր բեռ ենք կրել այս պայքարի մեջ մտնելով։ Մենք ամեն ինչ մի կողմ թողած՝ մեր հայրենիքի համար մարտի մեջ ենք մտել», - նշեց Մելոյանը։

Նրա խոսքով` քաղաքացուն երբեք թույլ չեն տվել արտահայտել իր կամքը, քանի որ եթե այդքան լայնածավալ միջամտություն չլիներ, պատկերը բոլորովին այլ կլիներ։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը կարող է հրաժարվել նոր ձևավորվող խորհրդարանում իր մանդատներից։

ՀՀ ԱԺ ընտրությունների մասին

Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։

ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։

Միաժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայման գործընթաց նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրական գործընթացի ընթացքում ընտրողների նկատմամբ ճնշումների մասին։

Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները, ինչպես նաև «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմումներ են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրատեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով։