Պեսկով․ Պուտին–Փաշինյան հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա

10.06.2026, 15:27
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ դեռևս չկան
Պեսկով․ Պուտին–Փաշինյան հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ դեռևս չկան, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը նույնպես չի ակնկալում նման հանդիպման անցկացում մինչև հունիսի 7-ին կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման հետ կապված ընթացակարգերի ավարտը:

«Առայժմ ոչ մի հստակ պայմանավորվածություն չկա: Դուք գիտեք, որ ընտրությունների արդյունքներով պաշտոնական հայտարարությունը սպասվում է 14-ին: Դուք գիտեք, որ այնտեղ ընտրությունների շատ մասնակիցներ ծրագրում են բողոքարկել, այնտեղ լինելու է վերահաշվարկ և այլն: Այսինքն՝ դա բավականին երկար և բարդ ընթացակարգ է», — ասել է Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման հետ կապված ընթացակարգերի ավարտը Հայաստանի վարչապետը, հավանաբար, զբաղված է ներքաղաքական գործընթացներով: Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ առաջնորդների հնարավոր հանդիպման հարցը կդիտարկվի այդ ընթացակարգերի ավարտից հետո:

ՀՀ ԱԺ ընտրությունների մասին

Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։

ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։