«Ուժեղ Հայաստան»–ը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում զանգվածային խախտումների մասին և ծավալուն զեկույց է պատրաստում

10.06.2026, 14:44
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում զանգվածային խախտումների մասին և ծավալուն զեկույց է պատրաստում
«Ուժեղ Հայաստան»–ը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում զանգվածային խախտումների մասին և ծավալուն զեկույց է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում զանգվածային խախտումների մասին և ծավալուն զեկույց է պատրաստում։

«Մենք բուռն հետընտրական գործընթացում ենք։ Հունիսի 7-ին կայացան Ազգային ժողովի հերթական ընտրությունները ՀՀ-ում, և այս ընտրություններում հիմնարար սկզբունքները՝ հավասարությունը, արդարությունը, թափանցիկությունը և ընտրողի ընտրական իրավունքի գաղտնիությունը էականորեն խախտվել են», - նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ խախտումները տեղի են ունեցել ոչ միայն քվեարկության օրը, այլև նախընտրական շրջանում։

««Ուժեղ Հայաստան»-ի պարագայում որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ծավալի ու բնույթի խախտումեր են տեղի ունեցել։ Այնուամենայնիվ, անկախ միջամտություններից, վարչական ռեսուրսի շահարկումից, իրավապահ մարմինների կողմից մի շարք գործողություններից, մենք փորձում էինք նախընտրական տրամաբանության մեջ մնալ», - ասաց Մելոյանը։

Նա հայտարարեց, որ ընտրությունների նախնական արդյունքները լիովին չեն արտացոլում ընտրական իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների կամքը։

Մելոյանը հայտնեց, որ դաշինքի շուրջ 700 կողմնակիցներ ձերբակալվել և կալանավորվել են, այդ թվում՝ տարեց կանայք, որոնք պարզապես եկել էին որպես դաշինքի անդամ գրանցվելու։

ՀՀ ԱԺ ընտրությունների մասին

Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։

ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։