Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. նախարարը` նոր Սահմանադրության մասին
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է նոր Սահմանադրության տեքստը հրապարակելու ժամկետների հարցը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Առաջիկայում ամբողջացնելուց հետո (որովհետև սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին), մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս 1 կամ 2 քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ», - ասաց Գալյանը:
Անդրադառնալով տեքստը նախկինում չհրապարակելու պատճառներին՝ նախարարը նշեց, որ այն պատրաստ չի եղել, քանի որ մի շարք գործընկերներ չեն հասցրել դիտարկումներ ներկայացնել։
«Սա միանձնյա որոշում չէ՝ հրապարակել կամ չհրապարակելը: Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե 61 մանդատ ունենալու դեպքում իշխանությունը չի կարողանալու սահմանադրական փոփոխություններ իրականացնել, Գալյանն ընդգծեց, որ այդ առումով իրավիճակը չի փոխվել, և իշխանությունն այսօր էլ չունի սահմանադրական մեծամասնություն։
«Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափենք, կչափեն նաև մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք այսօր մտածում են, ապագայում եթե կորոշեն վերցնել մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք, և կկայացնեն կամ մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում», - նշեց նախարարը:

