«Հայաստան» դաշինքը կվիճարկի ընտրությունների արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաստան» դաշինքը վիճարկելու է ընտրությունների արդյունքները, հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։ Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում», – ասված է Քոչարյանի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ վիճարկելու են ընտրությունների արդյունքները։
«Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ: Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո: Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը», – նշել է նա։
Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։
Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։
ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։

