ԲՀԿ–ն հայտարարել է, որ դիմելու է ձայների վերահաշվարկի

08.06.2026, 15:52
Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ
ԲՀԿ–ն հայտարարել է, որ դիմելու է ձայների վերահաշվարկի

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը, հայտարարել է կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ խորհրդարան կանցնեն երեք քաղաքական ուժեր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստան»-ը կուսակցությունը հավաքել է ձայների 3.996%-ը՝ մի փոքր հետ մնալով նվազագույն շեմից (4%)։

«Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների», – գրել է Տոնոյանը Facebook–յան իր էջում։

Նա հայտարարել է, որ քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։

«Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը»

«Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը։ Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը՝ հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում»,– գրել է Տոնոյանը։

Այսպիսով, 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։

ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 507 216 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,94%, քվեարկությանը մասնակցել է 1 477 736 ընտրող։