Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան

08.06.2026, 14:10
Նա նշեց, որ ամեն փուլում այդ առումով շոշափելի առաջընթաց է գրանցվում
Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման առումով առաջիկայում ամբողջական կարգավորում կունենանք, հայտատարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ ամեն փուլում այդ առումով շոշափելի առաջընթաց է գրանցվում։

«Մենք այժմ Թուրքիայի և Հայաստանի միջև ունենք ուղիղ առևտուր, մաքսային իմաստով՝ ուղիղ, աշխարհագրորեն դրանք, դեռևս տեղի են ունենում երրորդ երկրների տարածքով», - ասաց Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:

Հայ-թուրքական երկխոսության մասին

Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականից, իսկ երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Հիմնական խնդրահարույց հարցերի թվում մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

2021 թվականի դեկտեմբերին հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

2023 թվականի հունվարի 1-ից երկրների միջև հնարավոր դարձան ուղիղ օդային բեռնափոխադրումները։

2024 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատեցին առանց նախապայմանների կարգավորումը շարունակելու պատրաստակամությունը։

2025 թվականի ապրիլի 12-ին երկու երկրների ԱԳ նախարարները Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում քննարկեցին երկկողմ օրակարգը, իսկ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուբինյանն ու Քըլըչը Երևանում կայացած հանդիպմանը պայմանավորվեցին արագացնել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկաթուղու, Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի և ավիաչվերթների քանակի ավելացմանն ուղղված նախագծերը։

 Նշենք, որ մայիսի 21-ին տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ առաջին նիստը։