««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության մենաշնորհ չի ստացել»․ Զախարովա

08.06.2026, 15:34
Զախարովան նշել է, որ հունիսի 7-ի ընտրություններն անցել են «ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի կողմից միջամտության մթնոլորտում»
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության մենաշնորհ չի ստացել»․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համարում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հայտարարել է իր հաղթանակի մասին, «իշխանության մենաշնորհ չի ստացել»։

Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում ՀՀ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքները։

Ինչպես ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, նախորդ ընտրական փուլի համեմատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությունը նկատելիորեն նվազել է։

Զախարովան նշել է, որ հունիսի 7-ի ընտրություններն անցել են «ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի կողմից միջամտության մթնոլորտում»։

Դիվանագետի խոսքով՝ հայաստանյան հասարակության մեջ ակնհայտ է «ռուս-հայկական կապերի հետևողական զարգացման և եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա մնալու լայն պահանջարկը», ինչը «հայ ժողովրդին շոշափելի մեծ բարիքներ է բերում»։

Զախարովան պնդում է, որ ողջ ընտրարշավը և քվեարկության բուն գործընթացն անցել են «ընդդիմադիր կուսակցությունների ու շարժումների, նրանց ակտիվիստների և կողմնակիցների նկատմամբ հայաստանյան իշխանությունների կողմից դաժան բռնաճնշումների մթնոլորտում»։


«Հետապնդումների տակ է հայտնվել նաև երկրում ավանդաբար խորապես հարգված Հայ Առաքելական Եկեղեցին։ Այս ամենը Երևանի կողմից ժողովրդավարական սկզբունքների և ազատ ընտրությունների անցկացման ընթացակարգերի կոպիտ խախտում է», — ասված է մեկնաբանության մեջ։

Զախարովայի խոսքով՝ «հալածանքները թափվել են բացառապես» այն քաղաքական ուժերի վրա, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդման, եվրասիական ինտեգրմանը Հայաստանի հետագա մասնակցության օգտին, այդ թվում՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Եվրամիությանն անդամակցելու կուրսից հրաժարվելու օգտին։

«Մոսկվայում միշտ շահագրգռված են եղել և կլինեն ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով։ Հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական է, նրան խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում», — ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ անցած ընտրությունները «ակնառու կերպով ցույց տվեցին», որ հայ հասարակությունը «ծայրահեղ բևեռացված է»։

Նրա խոսքով՝ նման պայմաններում Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ միակողմանի որոշումների ընդունումը՝ առանց բնակչության բոլոր շերտերի կարծիքը հաշվի առնելու, նշանակում է «երկիրը տանել դեպի հետագա պառակտման և սոցիալ-տնտեսական ցնցումների»։

Զախարովան նաև հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները կառաջնորդվեն ազգային շահերի վրա հիմնված մոտեցումներով։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններում Մոսկվայի հետագա գծին, Ռուսաստանը մտադիր է իր կուրսը կառուցել «հաշվի առնելով հայաստանյան ղեկավարության իրական քայլերը», նշել է նա։