Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթելու կապակցությամբ

08.06.2026, 17:04
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով
Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։

«Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան, օրենսդիր մարմնի ընտրություններում այս համոզիչ հաղթանակի առիթով։ Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու և Եվրոպայի հետ մերձեցման խթանման համար», – նշված է Մակրոնի շնորհավորական ուղերձում, հաղորդում է Փաշինյանի մամուլի ծառայությունը։

Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։

ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։