Անվտանգ սնունդ․ «Երեմյան» ֆերման սահմանել է կաթնամթերքի արտադրության «ոսկե ստանդարտ»
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Տարածաշրջանում եզակի և Հայաստանում ամենամեծ խելացի ֆերման, «Սերմից՝ սեղան» հայեցակարգը և կաթի արտադրության ամբողջական փակ շղթան. Լոռու մարզի Տաշիր համայնքում գործող «Երեմյան» ֆերման փոխում է կաթնամթերքի արտադրության մասին ավանդական պատկերացումները՝ համադրելով ժամանակակից տեխնոլոգիաները, էկոլոգիապես մաքուր լուծումները և այս ամենի արդյունքում առողջ կաթնամթերքի ստացումը։
«Երեմյան» ֆերմայում կազմակերպված շրջայցի ժամանակ «Երեմյան» ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը և գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը ներկայացրել են այն ճանապարհը, որով անցնում է կաթը՝ մինչև սպառողի սեղանին հասնելը։
«Սերմից՝ սեղան» հայեցակարգ

«Սերմից՝ սեղան» հայեցակարգը կաթնամթերքի արտադրության «ոսկե ստանդարտ» է, որը ենթադրում է ամբողջ շղթայի վերահսկում՝ կերարտադրությունից մինչև վերջնական արտադրանք։
«Մենք մեր կաթի բարձր որակը ապահովում ենք հենց սերմից՝ հողերից սկսած։ Սեփական դաշտերում աճեցնում ենք բարձր սննդային արժեք ունեցող անասնակեր, որը տրամադրվում է կովերին՝ ապահովելով նրանց առողջության համար անհրաժեշտ բոլոր պայմանները»,- նշում է «Երեմյան ընկերությունների խմբի» մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։
Ստացված կաթը փակ շղթայով տեղափոխվում է գործարան, որտեղ անցնում է լաբորատոր ստուգումներ, շշալցվում է էկոլոգիապես մաքուր տարաներում և հատուկ սառնարանային մեքենաներով հասնում սուպերմարկետներ, այնտեղից էլ հայտնվում սպառողների սեղանին։
Այս ամբողջ էկոհամակարգի շնորհիվ հնարավոր է լինում վերահսկել յուրաքանչյուր փուլը և ապահովել բարձր ստանդարտներին համապատասխան, Ա կարգի անարատ բնական կաթի արտադրությունը։
Ուղղահայաց ինտեգրման մոդել
Ընկերության ամբողջ համակարգը գործում է ուղղահայաց ինտեգրման մոդելով և փակ շղթայով, ինչը թույլ է տալիս վերահսկել արտադրական գործընթացի յուրաքանչյուր փուլը՝ առանց շղթայի որևէ օղակում որակի տատանումների։
Երեմյանի խոսքով՝ այս մոտեցման հիմնական նպատակը արտադրության ամբողջական վերահսողությունն է՝ սկսած հողից և կերից մինչև վերջնական կաթնամթերքի ստացումը։
«Այն թույլ է տալիս իրականացնել խիստ վերահսկողություն յուրաքանչյուր փուլում, որպեսզի մեր կողմից սահմանված բարձր ստանդարտներից շեղում տեղի չունենաք, և արդյունքում արտադրվում է բարձր որակի, 100 % բնական անարատ կաթ»,- ընդգծում է նա։

Կենդանիների խնամքն ու առողջության վերահսկումը
Ֆերմայում կենդանիների խնամքը կառուցված է անհատական մոտեցման և շարունակական վերահսկման վրա։ Յուրաքանչյուր կենդանու համար հավաքագրվում են տվյալներ նրա սնուցման, առողջության և արտադրողականության մասին։
Գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանի խոսքով՝ ֆերմայի աշխատանքը հիմնված է կանխարգելման սկզբունքի վրա։
«Մենք ոչ թե պետք է բուժումներ անենք, այլև պետք է կանխարգելում անենք, իսկ այդ կանխարգելումը իրականացվում է հենց պատվաստումների միջոցով։ Կանխարգելում իրականացվում է ճիշտ կերակրմամբ։ Այսինքն` այդ ամբողջ պրոցեսը մի մեծ համակարգ է, որը եթե որևէ տեղ խախտեցինք, արդեն կսկսի տատանվել»,- նշում է նա։
Կերակրում և գոմաղբի կառավարում
Ֆերմայում կենդանիների կերակրումն իրականացվում է ավտոմատացված համակարգով, որն ապահովում է հավասարակշռված և վերահսկվող սնուցում յուրաքանչյուր կենդանու համար։
Կերի հիմքը ձևավորվում է ֆերմային կից դաշտերում իրականացվող արտադրությամբ։ Ավտոմատացված դաշտային ոռոգումը ապահովում է ջրի ճշգրիտ բաշխում և վերահսկողություն, ինչի արդյունքում մշակաբույսերը վերածվում են սննդարար առվույտի և եգիպտացորենի։ Կանաչ անասնակերը փաթեթավորվում է ժամանակակից սիլոսացման տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս պահպանել դրա սննդային արժեքը և թարմությունը մինչև երկու տարի։

Այս համակարգի շնորհիվ կենդանիները տարվա ընթացքում ստանում են նույն որակի կեր, ինչը նպաստում է կայուն սնուցմանը և բարձրորակ, վիտամիններով հարուստ կաթի ստացմանը։
Միաժամանակ ֆերմայում կիրառվում է նաև գոմաղբի կառավարման համակարգը։ Գոմաղբի հեռացումն իրականացվում է ավտոմատացված համակարգերով, որից հետո այն պահեստավորվում է և օգտագործվում որպես պարարտանյութ։
Ավտոմատացված կիթ և փակ շղթա
Ֆերմայում կթման գործընթացը նույնպես լիովին ավտոմատացված է և իրականացվում է օրական 3 անգամ՝ յուրաքանչյուր 8 ժամը մեկ։
«Կթելուց հետո կաթը խողովակներով լցվում է հատուկ ջերմաստիճանային մեքենաների մեջ՝ անցնելով ֆիլտրերի միջով։ Ջերմաստիճանն այստեղ իջեցվում է 2-4 աստիճան, և արդեն կաթնատարներով կաթը տեղափոխվում է Երևան», - նշում է գյուղատնտեսական նախագծերի ղեկավարը։
Այս ամբողջ շղթան նախագծված է որպես փակ համակարգ, որտեղ կաթը արտադրությունից մինչև տեղափոխում և վերամշակում չի շփվում արտաքին միջավայրի հետ՝ ապահովելով դրա բնական հատկանիշների պահպանումը և նվազեցնելով ցանկացած կողմնակի ազդեցության ռիսկը։
Սննդի անվտանգություն և մանկական կաթի վկայական
Ընկերերության գործարանը ունի FSSC 22000 միջազգային սննդի անվտանգության սերտիֆիկատ, որը համարվում է սննդի արտադրության ոլորտում ամենաբարձր ստանդարտներից մեկը։ Այն ենթադրում է խիստ վերահսկվող համակարգ, որի շրջանակում սննդամթերքը արտադրվում է միջազգային պահանջներին համապատասխան և պահպանում է իր որակական հատկանիշները մինչև սպառողին հասնելը։

Բացի այդ, ընկերությունն ունի նաև մանկական կաթի վկայական՝ տրված պետական ռեգիստրի կողմից։ Սա թույլ է տալիս արտադրանքը կիրառել նաև նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների սննդակարգում՝ սկսած 3+ տարիքից։
«Երեմյան» կաթն իր մեջ պարունակում է վիտամինների այն ամբողջ շարքը, որը պարտադիր է երեխաների սնուցման, աճի, զարգացման համար, ինչպես նաև ֆիզիկական, ոսկրային և մկանային համակարգի զարգացման ճանաչողական գործառույթների զարգացման համար։
Ընկերության մասին
20-ամյա պատմությամբ Երեմյան ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում՝ ստեղծելով 19 ռեստորան 13 հայեցակարգով, 2 ֆերմա, կաթնամթերքի FSSC 22000 սերտիֆիկացմամբ ժամանակակից գործարան, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա, ճաշարանային ծրագրեր և քեյթրինգային ծառայություն։

Ընկերությունը Հայաստանում եզակի «Սերմից՝ սեղան» հայեցակարգով իր գյուղատնտեսական նախագծերը մեկնարկել է 2019 թվականին՝ հիմնելով միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով առաջին ֆերման Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում։ 2023 թվականին Լոռու մարզի Տաշիր համայնքում հիմնադրվել է Հայաստանի միակ և ամենամեծ գյուղատնտեսական համալիրը, որն իր տեսակի մեջ եզակի է ամբողջ տարածաշրջանում։

