Բոլոր բնակավայրերի մուտքի մոտ ՀՀ դրոշներ կտեղադրվեն
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ–ն ուրբաթ կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «ՀՀ դրոշի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարեց, որ ներկայումս Հայաստանում բացակայում է այն իրավակարգավորումը, որը պարտավորեցնում է պետական դրոշը տեղադրել հանրապետության համայնքների վարչական տարածքների գլխավոր մուտքերի մոտ։
«Որոշակի վայրերում պետական դրոշներ տեղադրված են, սակայն միասնական մոտեցում և պարտադիր պահանջ գոյություն չունի: Դրա պատճառով այդ վայրերում դրոշները բացակայում են կամ գտնվում են ոչ պատշաճ վիճակում»,- նշեց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ դրոշի տեղադրումը կամրապնդի ազգային ինքնագիտակցությունը, կստեղծի միասնական պետական միջավայր, ինչպես նաև կունենա կրթական ու դաստիարակչական նշանակություն, կխթանի քաղաքացիների կողմից համապատասխան վերաբերմունքն ու հարգանքը։

