Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ ԱԺ–ից պարզաբանում են
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային, նշված է Ազգային ժողովի պարզաբանման մեջ։
Պարզաբանման մեջ նշվում է, որ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվել որոշ ԶԼՄ-ներում:
Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կհամարվեն ոչ աշխատանքային:
«Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է: Տեղեկացնում ենք, որ սա սխալմունք է, և մեռելոց օրերը լինելու են աշխատանքային»,– նշվում է ԱԺ–ի պարզաբանման մեջ։

