Հայաստանի 9-րդ գումարման ԱԺ կանցնի երեք քաղաքական ուժ. ԿԸՀ նախագահ

04.07.2026, 20:23
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մեկնաբանել է Սահմանադրական դատարանի որոշումը
Հայաստանի 9-րդ գումարման ԱԺ կանցնի երեք քաղաքական ուժ. ԿԸՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մեկնաբանել է Սահմանադրական դատարանի որոշումը, որն անփոփոխ է թողել 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Վահագն Հովակիմյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը, ըստ որի, 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն.

1. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը` 64 պատգամավոր,

2. Ուժեղ Հայաստան դաշինք` 29 պատգամավոր,

3. Հայաստան դաշինք` 12 պատգամավոր

Սահմանադրական դատարանի որոշումը, որը հրապարակվել է ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումի քննության արդյունքներով, հուլիսի 4-ին ընթերցել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Դիմումները ներկայացվել էին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ), «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունների կողմից։