Սաղաթելյանը հավանական է համարել ՀՀ-ում ընդդիմության հանրահավաքներն ու փողոցային պայքարը
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հավանական է համարել, որ ընդդիմությունը երկրում կվերսկսի հանրահավաքների և փողոցային պայքարի իրականացումը։
«Մանդատները վերցնելը որևէ կերպ կապված չէ հանրահավաքներ անցկացնելու հետ և չի նշանակում հրաժարում փողոցային պայքարից։ Իհարկե, լինելու են թե՛ հանրահավաքներ, թե՛ փողոցային պայքար», - երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սաղաթելյանը։
Նա հիշեցրել է, որ չորս օր առաջ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են օրակարգային կարևոր հարցերի շուրջ ընդհանուր համախոհության առկայության մասին։
Սաղաթելյանի խոսքով՝ դա նշանակում է, որ օրակարգային այդ կետերը պետք է բացվեն, ընդլայնվեն, իսկ դրա սպասարկման շուրջ պետք է ձևավորվի «ճանապարհային քարտեզ»։
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը, ամփոփելով խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը, որոշեց ուժի մեջ թողնել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ 2026 թվականի հունիսի 14-ի որոշումը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարության համաձայն՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 պատգամավոր և «Հայաստան» դաշինքը՝ 12 պատգամավոր։
Նախօրեին ընդդիմադիր 2 դաշինքներն էլ հայտարարել էին նոր խորհրդարանում պատգամավորական մանդատները վերցնելու մտադրության մասին։

