ՀՀ վարչապետը խնդրել է ՌԴ նախագահին միջոցներ ձեռնարկել հայկական ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումների խնդիրը կարգավորելու համար

27.07.2026, 21:07
Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը
ՀՀ վարչապետը խնդրել է ՌԴ նախագահին միջոցներ ձեռնարկել հայկական ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումների խնդիրը կարգավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միջոցներ ձեռնարկել հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումների հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

Վարչապետ Փաշինյանը նաև ընդգծել է բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը։

Ռուսաստան հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով:

Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չրեղենը, ավելի ուշ՝ կենդանի ձուկը և ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը:

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելք դեպի ԵԱՏՄ այլ երկրներ: