Անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա շաբաթվա եղանակի կանխատեսումը։
«Հայ հիդրոմետի կանխատեսումների համաձայն` հուլիսի 27-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում հուլիսի 26- ի համեմատ կնվազի 2–ից 4 աստիճանով և առաջիկա շաբաթվա ընթացքում այն էապես չի փոխվի, այսինքն` ջերմաստիճանի բարձրացում չունենք»,-այս մասին Facebook-ի իր էջում տարածած տեսանյութում հայտնել է նա՝ հավելելով, որ ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը և Երևանը, որտեղ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հիմնականում կտատանվի 35–ից 37 աստիճանի սահմաններում։
Նրա խոսքով, ուշ երեկոյան ժամերին հանրապետության առանձին հատվածներում կարճատև անձրև և ամպրոպ կանխատեսվում է միայն հուլիսի 29-ին և օգոստոսի 1-ին ու 2-ին։
Սուրենյանը հիշեցնում է նաև, որ առաջիկա 5 օրերին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում և Երևանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է և հորդորում է պահպանել հրդեհավտանգության կանոնները։

