Ախտածին մանրէներ չկան․ Armenia Marriott–ը՝ Ֆրանսիայի դեսպանատանը թունավորումից հետո սնունդի լաբորատոր ուսումնասիրության մասին
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Armenia Marriott հյուրանոցից հայտարարել են, որ ստացել են լաբորատոր հետազոտության ուղարկված սնունդի ձևանմուշների ուսումնասիրության արդյունքները ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցների շրջանում աղիքային վարակի դեպքերից հետո։
«Ստացել ենք լաբորատոր հետազոտոււթյունների արդյունքները, որոնք մաքուր են՝ առանց ախտածին մանրէների»,– «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են հյուրանոցից։
Ավելի վաղ Armenia Marriott–ից, «ԱՌԿԱ» գործակալության կողմից ուղարկված հարցմանն ի պատասխան, հայտարարել էին, որ հետաքննություն են սկսել հուլիսի 14–ին Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ընդունելությունից հետո հիվանդության դեպքերի կապակցությամբ։ Հյուրանոցի խոհանոցի սնունդից ձևանմուշներ ուղարկվել էին լաբորատոր հետազոտության
Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ հուլիսի 17-ի երեկոյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Տեսչական մարմնին տեղեկացրել է, որ բուժհաստատություններ է դիմել 10 անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ։
Համաճարակաբանական հետաքննությունը ցույց է տվել, որ բոլոր հիվանդացածները հուլիսի 14-ին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությանը։
Տեսչական մարմնից հայտնել են, որ միջոցառման քեյթրինգային սպասարկումը Armenia Marriott-ի կողմից ապահովվելու մասին տեղեկատվությունը դեսպանատնից ստացվել է հուլիսի 23-ի երեկոյան։
Գերատեսչությունը նշել է, որ մինչ այդ պահը ընդունելության կազմակերպման ժամանակ օգտագործված մթերքների խմբաքանակներն արդեն ամբողջությամբ սպառված են եղել և հասանելի չեն եղել հետազոտության համար։
Տեսչական մարմնից նաև հայտնել են, որ Armenia Marriott-ում կանցկացվի տեսչական վերահսկողություն։ Դրա արդյունքները նախատեսվում է հրապարակել ստուգման ավարտից հետո։

