Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

25.07.2026, 11:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։

Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Գ.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու համար»,- փոխանցել են ՔԿ-ից։

Նշենք, որ հուլիսի 7-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Multi Group-ի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Նա ներգրավված է խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման, ինչպես նաև ապօրինի որսի վերաբերյալ քրեական գործում։

Դրանից հետո հայտնի դարձավ հոլդինգի մեջ մտնող շուրջ 70 ձեռնարկությունների գործունեության դադարեցման մասին։ Իրավապահ մարմինների պաշտոնական հաստատում չի եղել։ Ծառուկյանի կապարակնքված ձեռնարկություններից մի քանիսի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով վերսկսել օբյեկտների աշխատանքը։

Բացի այդ, անցյալ շաբաթ մի քանի օր պարապուրդի մեջ էր նաև «Արարատցեմենտ» գործարանը՝ վերսկսելով աշխատանքը հուլիսի 10-ին։ Հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին միջնորդությունը։