Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին․ օգտակար խորհուրդներ

24.07.2026, 19:37
Օգտակար խորհուրդներ մաշկը շոգ եղանակին պաշտպանելու համար
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին․ օգտակար խորհուրդներ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Առողջապահության նախարարությունը ներկայացնում է օգտակար խորհուրդներ մաշկը շոգ եղանակին պաշտպանելու համար։

Շոգ եղանակին մաշկն ավելի մեծ ծանրաբեռնվածություն է կրում․ ավելանում է քրտնարտադրությունը, մաշկը հեշտությամբ ջրազրկվում է, ավելի հաճախ է գրգռվում, իսկ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կարող է դառնալ արևայրուքի, պիգմենտային բծերի առաջացման, որոշ մաշկային հիվանդությունների սրացման և մաշկի վաղաժամ ծերացման պատճառ։

Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին

  • Առաջին և ամենակարևոր քայլը արևապաշտպան միջոցի օգտագործումն է։ Արևապաշտպան քսուքը պետք չէ միայն ծովափին կամ հանգստի ժամանակ կիրառել, այն անհրաժեշտ է նաև քաղաքում՝ աշխատանքի գնալիս, զբոսանքի ժամանակ, մեքենայում կամ բացօթյա որևէ գործունեության ընթացքում։

  • Շատ կարևոր է խուսափել արևի ուղիղ ազդեցությունից։ Սովորաբար 11:00–17:00 ընկած ժամանակահատվածում արևի ազդեցությունն առավել ուժեղ է։ Այդ ժամերին ցանկալի է հնարավորինս մնալ ստվերում, կրել լայնեզր գլխարկ, արևային ակնոց, ազատ և բաց գույների հագուստ։ 

  • Հատուկ զգուշություն պետք է ցուցաբերվի երեխաների դեպքում, բաց գույնի մաշկ ունեցող մարդիկ, պիգմենտային բծերի հակում ունեցող անձինք, վիտիլիգո, ռոզացեա, ակնե, ատոպիկ մաշկաբորբ կամ այլ քրոնիկական մաշկային հիվանդություններ ունեցող պացիենտները ևս շատ ուշադիր պետք է լինեն մաշկի խնամքին։ 

  • Այս եղանակին շատերը սկսում են ավելի հաճախ լվացվել կամ օգտագործել ուժեղ մաքրող միջոցներ՝ մտածելով, որ այդպես մաշկը ավելի «մաքուր» կլինի։

  • Սակայն ագրեսիվ լվացող միջոցները, սպիրտային լոսյոնները, սկրաբները կարող են վնասել մաշկի պաշտպանիչ շերտը և բերել չորության, կարմրության, քորի կամ գրգռվածության։ 

  • Դեմքը ցանկալի է լվանալ օրական 1–2 անգամ՝ մեղմ մաքրող միջոցով։

  • Ճարպոտ մաշկի դեպքում պետք չէ փորձել մաշկը ուժեղ «չորացնել»․ դա հաճախ հակառակ արդյունք է տալիս՝ մաշկը գրգռվում է, իսկ ճարպարտադրությունը կարող է ավելի արտահայտվել։ 

  • Խոնավացնող միջոցը ամռանը նույնպես անհրաժեշտ է։ Շատերը կարծում են, որ շոգ եղանակին խոնավացնող քսուք պետք չէ, հատկապես եթե մաշկը ճարպոտ է։ Սակայն արևը, քրտնարտադրությունը, օդորակիչը, լողավազանի քլորը և ծովի աղը կարող են ջրազրկել մաշկը։ 

  • Քրտնարտադրության ժամանակ կարևոր է մաշկը երկար ժամանակ չթողնել խոնավ վիճակում։ Քրտինքը, շոգը, կիպ և սինթետիկ հագուստը կարող են նպաստել քրտնախաշի, ֆոլիկուլիտի, սնկային վարակների, շփումային գրգռվածության և քորի առաջացմանը։ 

  • Շոգ եղանակին խորհուրդ է տրվում նաև չծանրաբեռնել մաշկը շերտավոր շպարով, ծանր տոնային քսուքներով կամ ճարպոտ կրեմներով։ Դրանք կարող են փակել ծակոտիները, ավելացնել գրգռվածությունը և սրել ակնեն կամ այլ խնդիրներ։ 

ԱՆ–ից հիշեցնում են, որ ամռանը մաշկին պետք է երեք հիմնական բան՝ մեղմ մաքրում, թեթև խոնավացում և արևից արդյունավետ պաշտպանություն։

Կարդացեք նաև․ Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ և անվտանգ արևայրուք. Խորհուրդներ