Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ և անվտանգ արևայրուք. Խորհուրդներ
16.07.2026,
18:31
Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ արևայրուք, կարևոր է հիշել, որ այն պետք է ստանալ աստիճանաբար՝ առանց մաշկին վնաս պատճառելու
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամառը, ծովը և արևը շատերի համար անբաժան են։
Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ արևայրուք, կարևոր է հիշել, որ այն պետք է ստանալ աստիճանաբար՝ առանց մաշկին վնաս պատճառելու։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նշում է, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների չափազանց երկար ազդեցությունը կարող է վնասել մաշկը, ուստի արևայրուք ընդունելիս պետք է հետևել մի քանի պարզ կանոնների.
- Արևայրուք ընդունել աստիճանաբար։ Առաջին օրերին արևի տակ մնալ 15-20 րոպե, այնուհետև աստիճանաբար ավելացնել ժամանակը։
- Նախընտրել արևայրուք ընդունել մինչև ժամը 11:00-ը կամ 17:00-ից հետո, երբ արևի ճառագայթների ինտենսիվությունն ավելի ցածր է։
- Օգտագործել SPF 30 և ավելի բարձր պաշտպանությամբ արևապաշտպան միջոցներ։ Արևապաշտպան քսուքը քսել արևի տակ դուրս գալուց 15-20 րոպե առաջ և կրկնել յուրաքանչյուր 2 ժամը մեկ, ինչպես նաև յուրաքանչյուր անգամ լողալուց հետո։
- Չմոռանալ խմել բավարար քանակությամբ ջուր, քանի որ արևի տակ օրգանիզմն ավելի արագ է կորցնում հեղուկը։
- Գլխարկն ու արևային ակնոցը նույնպես կարևոր են, նույնիսկ եթե ցանկանում եք արևայրուք ունենալ։

