«Մարզվում ենք ասֆալտի վրա»․ «Օլիմպավանի» սաներն ու մարզիչները պահանջում են բացել մարզական համալիրը
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Օլիմպավան» մարզաառողջարանային համալիրի սաներն ու մարզիչները հինգշաբթի Երևանում բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերսկսել համալիրի աշխատանքը։
Նրանք մարզվել են փողոցում՝ «Օլիմպավանի» կապարակնքված շենքի դիմաց։ Մարզիչներից մեկի խոսքով՝ համալիրը դեռ չի բացվել, այդ պատճառով պարապմունքները ստիպված են եղել անցկացնել, «կոպիտ ասած, ասֆալտի վրա»։
«Մենք չենք կարող դադարեցնել պարապմունքները։ Ժամանակավորապես մարզվում ենք նաև այլ մարզադահլիճներում, քանի որ պատրաստվում ենք մրցումների։ Այս բոլոր գործընթացները բացասաբար են անդրադառնում երեխաների վրա։ Հենց հիմա պարապմունքներն անցկացնում ենք փողոցում»,- ասել է նա։
«Օլիմպավանի» աշխատանքը կասեցվել էր հուլիսի 6-ին տեղի ունեցած քննչական գործողություններից հետո։
Ինչպես հայտնում էին հայկական լրատվամիջոցները, կապարակնքվել են նաև Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Multi Grand և Multi Rest House հյուրանոցները, Multi Wellness մարզաառողջարանային համալիրը, Multi Stone քարի վերամշակման ձեռնարկությունը, որոնք կապված են Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» հոլդինգի հետ։ Այս ձեռնարկությունների աշխատակիցները մի քանի օր բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պահանջելով վերսկսել աշխատանքը։
Մի քանի օր պարապուրդի մեջ էր նաև «Արարատցեմենտ» գործարանը։ Հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին միջնորդությունը։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ երկու ամիս ժամկետով, խարդախության և փողերի լվացման գործով։

