Խորովածից և մեղրից մինչև ռոք ու ջազ․ Հայաստանում ներկայացվել է փառատոնային ծրագիրը

15.07.2026, 17:36
Առաջիկա ամիսներին Հայաստանի տարբեր մարզերում կանցկացվեն բազմազան փառատոներ՝ գաստրոնոմիկից մինչև երաժշտական
Խորովածից և մեղրից մինչև ռոք ու ջազ․ Հայաստանում ներկայացվել է փառատոնային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Առաջիկա ամիսներին Հայաստանի տարբեր մարզերում կանցկացվեն բազմազան փառատոներ՝ գաստրոնոմիկից մինչև երաժշտական։

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի բաժնի ղեկավար Դիանա Կարապետյանը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հուլիսի 25-ին առաջին անգամ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում կանցկացվի «Եղեգիս Ֆեստ» մեղրի փառատոնը:

«Միջոցառման շրջանակում հնարավոր կլինի ավելի լավ ծանոթանալ Հայաստանի վայրի բնության ժառանգությանը», – նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ նախատեսված են բազմաթիվ անակնկալներ, իսկ այցելուները կկարողանան համտեսել տեղական արտադրանքը։

Նա ընդգծեց, որ փառատոները մեծ հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջիկների համար։

«Նրանք Հայաստան են այցելում ոչ միայն պատմամշակութային տեսարժան վայրերին ծանոթանալու նպատակով, այլև փառատոներին մասնակցելու, ինչպես նաև կոնկրետ տարածաշրջանների ավանդույթներին, հարուստ մշակույթին և գաստրոնոմիային ծանոթանալու համար», – ասաց Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում նույնպես աստիճանաբար զարգանում է. միջազգային հանրությունից ստացվում են միայն դրական արձագանքներ։

Սպասվող միջոցառումների թվում Կարապետյանը նշել է նաև.

  •      հայ-իրանական «Նավասարդ» փառատոնը՝ օգոստոսի 10-11-ը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում,

  •   «Air Fest» փառատոնը՝ սեպտեմբերին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում,

  •        «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ սեպտեմբերից հոկտեմբեր,

  •        գինու փառատոնը Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ հոկտեմբերին,

  •      «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդապարիկների միջազգային փառատոնը՝ նույնպես հոկտեմբերին։

Հայաստանի Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին տեղեկացրեց, որ օգոստոսի 1-ին Ստեփանավանում տեղի կունենա խորովածի փառատոն։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 7-9-ը Գյումրիում կանցկացվի Dalan Rock Fest ռոք փառատոնը՝ հայտնի հայ ռոք կատարողների մասնակցությամբ։

«Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում կհնչեն ջազային ստեղծագործություններ։ Մասնավորապես, փառատոնային միջոցառումներ կանցկացվեն Եղեգնաձոր, Գորիս, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում»,- նշել է Թովմասյանը։