ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է Հայաստանում ԵՄ նոր առաքելության տեղակայումն ու դիմակայունության ամրապնդումը

14.07.2026, 21:39
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչ Ստեֆանո Տոմատի հետ
ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է Հայաստանում ԵՄ նոր առաքելության տեղակայումն ու դիմակայունության ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 14-ին, Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակության հետ հանդիպմանն ընդգծել է երկրի դիմակայունության ամրապնդմանն ուղղված կարողությունների զարգացման շուրջ իրականացվող միջոցառումների նշանակությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

ԱԽ քարտուղարը ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ պատվիրակության հետ հանդիպմանը ողջունել է առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում։

Նա հատկապես կարևորել է վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմ աջակցությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Այս համատեքստում ԱԽ քարտուղար Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ առաքելության և ՀՀ պետական մարմինների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը կնպաստի առաքելության մանդատով նախատեսված խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացմանը: