Օդի աղտոտման համար նշանակվել է ավելի քան 3 մլն դրամի տուգանք. ԲԸՏՄ-ն ներկայացրել է ստուգայցերի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ՆՈՎՈՍՏԻ-ԱՐՄԵՆԻԱ/. Հայաստանի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի մի շարք խախտումներ։
Այս մասին տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգայցերն իրականացվել են սույն թվականի հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաք Երևանում և ՀՀ մարզերում։
«Միջոցառումների թիրախում եղել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ) և շինարարական աղբի փոխադրման դեպքերը, ինչպես նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արձանագրված իրավախախտման 45 դեպքով նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3.150.000 ՀՀ դրամի չափով։
Տեսչական մարմնի տվյալներով՝ արձանագրված իրավախախտումներն ըստ մարզերի բաշխվել են հետևյալ կերպ.
ք. Երևան
- Շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված խախտումներ՝ 5 դեպք,
- Առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 12 դեպք։
Արմավիրի մարզ
- Առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 13 դեպք։
Կոտայքի մարզ
- Շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված խախտումներ՝ 4 դեպք,
- Առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 3 դեպք,
- Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում՝ 2 դեպք։
Գեղարքունիքի մարզ
- Առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 4 դեպք։
Արագածոտնի մարզ
- Շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված խախտումներ՝ 1 դեպք,
- Առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 1 դեպք։

