Ամառ, որն ուզում ես համտեսել. Հայաստանի ամենահյութեղ սեզոնը
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամռանը Հայաստանը կարելի է ոչ միայն տեսնել, այն անպայման պետք է համտեսել, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստվում են այստեղ անցկացնել իրենց ամառային հանգիստը։ Հենց ամառային այս ամիսներին է երկիրը բացահայտվում իր համային ողջ գունապնակով. շուկաները նմանվում են վառ նատյուրմորտների, օդը բուրում է հասունացած մրգերով ու թարմ կանաչիով, և նույնիսկ ամենահամեստ ընթրիքը վերածվում է փոքրիկ գաստրոնոմիկ տոնի։
Առաջինն այստեղ ձեզ կուրախացնի ծիրանը՝ թերևս հայկական ամռան ամենաճանաչելի համը։ Այն այստեղ պարզապես չեն սիրում. ծիրանը վաղուց դարձել է ազգային մշակույթի և ընտանեկան ավանդույթների մաս։ Ծիրանը հրաշալի է. հասած միրգը թարմացնում ու հագեցնում է, հրաշք մուրաբան զարմացնում է իր նուրբ բուրմունքով ու սաթե երանգներով, ինչպես նաև կոմպոտները, թթու լավաշն ու չրերը, որոնք կարելի է պարզապես ուտել կամ օգտագործել տարբեր կերակրատեսակներ պատրաստելու համար։ Ամեն ինչ չես թվարկի, բայց կարևորն այն է, որ յուրաքանչյուր ծիրանի մեջ պահպանվում է Արարատյան դաշտի արևի ջերմությունը։

Հայաստանում ամառն անհնար է պատկերացնել առանց հատապտուղների՝ թութ, կեռաս, ելակ, ազնվամորի, հաղարջ, բալ։ Հատապտուղները հատկապես համեղ են ավելի զով շրջաններում՝ Դիլիջան, Իջևան, Ստեփանավան կամ Լոռի տանող ճանապարհին։ Դրանք կարելի է գնել հենց գյուղացիներից, ուտել անապարհին, ավելացնել տնական թխվածքների մեջ, պատրաստել կոմպոտներ, հյութեր, չորացնել, սառեցնել ձմռան համար։
Երբ հուլիսյան շոգը հասնում է իր գագաթնակետին, գալիս է ձմերուկի և սեխի ժամանակը։ Ոչինչ այնքան լավ չի հագեցնում ծարավը շոգ ու տոթ երեկոներին, որքան սառը ձմերուկի հյութալի կտորները, իսկ հյութեղ միջուկով բուրավետ սեխը միայն ուժեղացնում է համերի հակադրությունը և լրացնում այն նրբագույն երանգներով։

Օդում զգացվում է ինչ-որ փոփոխություն, և դա կարծես հիշեցում է, որ օգոստոսն արդեն մոտ է։ Սկսվում է դեղձի սեզոնը։ Օգոստոսյան ամեն օրվա հետ դրանք դառնում են ավելի քաղցր ու բուրավետ։ Դեղձը մատուցում են պանիրի հետ, օգտագործում տնական աղանդերներում կամ պարզապես ուտում են՝ չհասցնելով սրբել ձեռքերով հոսող հյութը։
Բայց Հայաստանի համը միայն մրգերը չեն։ Իսկական ամառն այստեղ անհնար է պատկերացնել առանց բանջարեղենի։ Լոլիկները դառնում են զարմանալիորեն քաղցր ու մսալի, վարունգը՝ խրթխրթան, կանաչին՝ բուրավետ, իսկ կանաչ լոբին, սմբուկը, տաքդեղը, բամիան սպասում են տնային տնտեսուհիների հոգատար ձեռքերին։

Կրակի վրա խորոված սմբուկը, լոլիկն ու տաքդեղը մաքրում են կեղևից, խառնում սխտորի, համեմի և ռեհանի հետ։ Ստացվում է մի պարզ կերակրատեսակ, որի մեջ զգացվում են խարույկի ծուխը, արևը, բերրի հողը և հայկական իսկական ամռան համը։
Օգոստոսի վերջին վաճառասեղանները լի են խաղողով, թզով, սերկևիլով, խնձորով և տանձով։ Խաղողը Հայաստանում պարզապես սեզոնային միրգ չէ։ Այն կապված է գինեգործության և ընտանեկան խնջույքների բազմադարյա ավանդույթների հետ։ Իսկ թուզը հայտնվում է կարճ ժամանակով, դրա համար էլ այն առանձնահատուկ են գնահատում։ Քաղցր, գրեթե մեղրային, այն հիանալի համադրվում է տեղական պանիրների, ընկույզի և հայկական գինու գավաթի հետ։
Առանձնահատուկ ուշադրության են արժանի հայկական շուկաները։ Սա մի վայր է, որտեղ ծանոթությունը երկրի հետ տեղի է ունենում ոչ պակաս, քան թանգարաններում։ Այստեղ առաջարկում են համտեսել ամենաքաղցր դեղձը, խորհուրդ են տալիս, թե որ լոլիկն է ավելի լավ աղցանի համար, իսկ որ կանաչին՝ խորովածի հետ։ Մթերք գնելն աննկատ վերածվում է անշտապ զրույցի, իսկ շուկա այցելելը, կարծես, մի փոքրիկ ճանապարհորդություն է։

Փորձել ամառային Հայաստանի համը նշանակում է ճանաչել նրա բնավորությունը։ Այստեղ սնունդը մնում է հյուրընկալության, ընտանեկան ավանդույթների և այն հողի հանդեպ հարգանքի մասը, որն ամեն տարի առատորեն շնորհակալություն է հայտնում մարդկանց իր բերքով։
Այդ պատճառով ամառը Հայաստանով ճանապարհորդելու լավագույն սեզոններից է՝ երկրի անկրկնելի համը մտապահելու համար։ Եվ այդ համը հիշողության մեջ մնում է որպես ծիրանի քաղցրություն, հասունացած խաղողի բուրմունք, խորոված բանջարեղենի ծուխ և արև՝ այն ամենը, ինչ դեռ երկար ժամանակ կուղեկցի ճանապարհորդին տուն վերադառնալուց հետո։

