Ընդդեմ բուլինգի. Հայաստանում երեխաների պաշտպանության նոր կանոններ են պատրաստվում
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում առաջարկվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, նրանց պաշտպանության և ուղղորդման, ինչպես նաև նրանց հետ տարվող աշխատանքների կազմակերպման կարգը։
Համապատասխան նախագիծը կառավարությունը հանրային քննարկման նպատակով տեղադրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ նախագծի՝ այս իրավական ակտի ընդունումը թույլ կտա ներդնել կայուն, թափանցիկ և հստակ կանխատեսելի կանխարգելիչ գործիքակազմ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող, կրթական գործունեություն (այդ թվում՝ նախադպրոցական և արտադպրոցական կրթություն), մարզական ու մշակութային գործառույթներ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև պատիժ կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառող արդարադատության համակարգի մարմինների համար։
Արդյունքում՝ բուլինգի ցանկացած դրսևորում կամ դրա առաջացման սպառնալիք կստանա օպերատիվ, օբյեկտիվ և համակարգային քննություն։
«Ներքին տեղեկատվական հոսքերի կարգավորման, լիազորությունների տարանջատման և հստակ կանոնների սահմանման շնորհիվ զգալիորեն կբարձրանա պատասխանատու անձանց և ծնողների իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև կձևավորվի առկա իրավական պաշտպանության մեխանիզմների ու ընթացակարգերի հստակ ընկալում», - ասված է փաստաթղթում։
Նշվում է, որ ակտի մշակումը պայմանավորված է այն միջավայրերում, որտեղ կազմակերպվում է երեխաների խնամքը, դաստիարակությունը, կրթությունը կամ զարգացումը, երեխայի իրավունքների պաշտպանության ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ներքին նորմատիվ-իրավական բազայի կատարելագործմամբ։
«Ակտի ընդունումը նախատեսում է այնպիսի կազմակերպատեխնիկական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծում, որոնք կկարգավորեն բուլինգի կամ դրա առաջացման սպառնալիքի դեպքերում տեղեկատվության հավաքագրման, արձանագրման և ներքին ու արտաքին իրազեկման հստակ, կանխատեսելի ու թափանցիկ ուղիները», - ընդգծվում է փաստաթղթում։

