ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ գործընկերության նոր առաքելության ղեկավարին՝ կարևորելով կառույցի աջակցությունը կիբեռհարձակումների դեմ պայքարում

16.07.2026, 17:12
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ գործընկերության նոր առաքելության ղեկավարին՝ կարևորելով կառույցի աջակցությունը կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ գործընկերության նոր առաքելության ղեկավարին՝ կարևորելով կառույցի աջակցությունը կիբեռհարձակումների դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին, հայտնում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ ընդգծելով հայկական կողմի հանձնառությունը՝ աջակցելու առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը։ 

Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև առաքելության դերն ու աջակցությունն ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ 

Առաքելության մասին 

Եվրոպական միության խորհուրդը հուլիսի 13–ին պաշտոնապես գործարկել է նոր առաքելություն՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակում՝ ԵՄ գործընկերության առաքելությունը Հայաստանում (EUPM Armenia):

Խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել հայաստանյան իշխանություններին հիբրիդային սպառնալիքների նկատմամբ երկրի դիմակայունության ամրապնդման և անվտանգության փոփոխվող մարտահրավերներին արձագանքելու կարողությունների բարձրացման գործում:

Առաքելությունը, որը պաշտոնապես հիմնադրվել է 2026 թվականի ապրիլի 21-ին, կնպաստի հիբրիդային սպառնալիքների հակազդման գործում Հայաստանի ներուժի զարգացմանը, ներառյալ՝ կիբեռսպառնալիքները, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը (FIMI), ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերը: