Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

16.07.2026, 19:37
Որոշմամբ առաջարկվում է հստակ տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների և վարչական աշխատողների միջև
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կառավարության որոշմամբ հստակեցվել է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը։

Գործող իրավակարգավորման համաձայն՝ միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին, իրենց կողմից իրականացվող դասավանդման դասաժամերի համար լրավճար չի տրամադրվում։

Մասնավորապես, լրավճարից զրկվում են այնպիսի մանկավարժական աշխատողներ, ինչպիսիք են գրադարանավարը, լաբորանտը, օպերատորը և այլ մանկավարժական աշխատողներ, որոնք, չլինելով վարչական աշխատող, իրականացնում են բնագիտական և տեխնոլոգիական ուղղվածությամբ առարկաների դասավանդում։

Նման մոտեցումը հանգեցնում է իրավական անհավասարության և խաթարում է լրավճարի խրախուսական նպատակը։

Որոշմամբ առաջարկվում է հստակ տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների և վարչական աշխատողների միջև՝ նախատեսելով, որ լրավճար չի տրամադրվում միայն միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար։