Շոգը՝ «սթրես-թեստ» կանանց սրտի համար. ինչու են տղամարդիկ ավելի թեթև տանում շոգը, քան կանայք
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության (NHS) բժշկի խոսքով՝ շոգ եղանակին կանանց սիրտն ու անոթները զգալիորեն ավելի մեծ ծանրաբեռնվածություն են կրում, քան տղամարդկանց սիրտ-անոթային համակարգը, փոխանցում է BBC.russian-ն։
Կանանց օրգանիզմն ավելի դանդաղ է ազատվում ավելորդ տաքությունից
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք ավելի քիչ են քրտնում և սկսում են քրտնել ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում, քան տղամարդիկ: Ուստի օրգանիզմը կարող է լուրջ ծանրաբեռնվածություն զգալ, նույնիսկ երբ կինը դեռ չի էլ քրտնել:
Շոգին դիմանալու ունակության վրա ազդում են հորմոնները
Էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակը փոխվում է դաշտանային ցիկլի, հղիության, կրծքով կերակրման և մենոպաուզայի ժամանակ: Այս տատանումները կարող են խաթարել ջերմակարգավորման համակարգի աշխատանքը:
Դաշտանի ժամանակ շոգը կարող է հատկապես ծանր զգացվել

Դաշտանային ցիկլը սկսվելուց առաջ պրոգեստերոնի մակարդակի բարձրացումը կարող է մեծացնել մարմնի ջերմաստիճանը: Իսկ արյան և երկաթի կորուստը կարող է ուժեղացնել հոգնածությունն ու սրտի և անոթների ծանրաբեռնվածությունը:
Մենոպաուզայի ժամանակ շոգը «կրկնակի հարված» է
Էստրոգենի մակարդակի նվազման պատճառով տաքության ալիքները (կարմրատակումները) և գիշերային քրտնարտադրությունը կարող են ավելի հաճախակի և ուժգին դառնալ:
«Առանց այն էլ շոգ է, ոչ մի թեթևացում չկա»,- BBC-ին պատմել է 57-ամյա բրիտանուհին։
Հղիների համար ավելի դժվար է կարգավորել մարմնի ջերմաստիճանը

Բարձր նյութափոխանակության և հեղուկի պահանջի պատճառով նրանք ավելի հակված են ջերմային սթրեսի: Սիրտ-անոթային համակարգի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում նաև քաշի ավելացումը:
Ինչպե՞ս օգնել օրգանիզմին շոգին.
- Խմեք ավելի շատ հեղուկ, օգտագործեք օդափոխության համակարգեր և հովացնող միջոցներ:
- Սպորտով զբաղվեք արևածագից առաջ կամ մայրամուտից հետո և հետևեք դաշտանային ցիկլին:
«Դանդաղեցրեք տեմպը, հոգ տարեք ձեր մարմնի մասին»,- խորհուրդ է տալիս NHS-ի բժիշկը:

