Միջազգային օլիմպիական կոմիտեն հետևում է ՀԱՕԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ փորձելով գտնել լուծումներ
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Միջազգային օլիմպիական կոմիտեում (ՄՕԿ) հայտարարել են, որ տեղյակ են գործարար և քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի գլխավորած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) շուրջ ստեղծված իրավիճակից։
ՄՕԿ մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ կապի մեջ են հայաստանյան կառույցի հետ և փորձում են լուծումներ գտնել։
«ՄՕԿ-ն ուշադիր դիտարկում է բոլոր հանգամանքները և փորձում է պատշաճ լուծումներ գտնել՝ պաշտպանելու ՀԱՕԿ-ը՝ որպես կառույց և երաշխավորելու Հայաստանում Օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը»,- նշել են ՄՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Թե ինչ լուծումներ են դիտարկվում, միջազգային կառույցը չի բացահայտել:
ՀԱՕԿ շենքը և «Օլիմպավան» մարզահամալիրը, որը հանդիսանում է կոմիտեի մարզաբազան, կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո։ Իրավապահ մարմինները պաշտոնապես չեն պարզաբանել Օլիմպիական կոմիտեի աշխատանքի կասեցման պատճառները և չեն հայտնել, թե ինչ քննչական գործողություններ են իրականացվում կազմակերպությունում։
Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ երկու ամիս ժամկետով, առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման քրեական գործի շրջանակում։ Ծառուկյանն ու նրա փաստաբանները հերքում են մեղադրանքները։

