Էբոլայի բռնկում աշխարհում. ինչպե՞ս է գնահատվում վիրուսի ներմուծման ռիսկը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» (ՀՎԿԱԿ) ներկայացրել է աշխարհում Էբոլա հիվանդության համաճարակաբանական իրավիճակի մոնիտորինգի վերջին տվյալները։
Իրավիճակն աշխարհում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական տվյալներով՝ բռնկումն ակտիվ է մնում Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, որտեղ իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ։
- Կոնգոյի ԺՀ. 2536 հաստատված դեպք, 1033 մահ,
- Ուգանդա. 20 հաստատված դեպք, 2 մահ (նոր դեպքեր չկան, ընթանում է 42-օրյա ուժեղացված հսկողություն),
- Ֆրանսիա. 1 հաստատված դեպք (հունիսի 24-ի դրությամբ)։
Պատվաստանյութի բացակայությունն ու հարուցիչը
Ներկայիս բռնկման հարուցիչը Բունդիբուգյո էբոլավիրուսն է, որի դեմ լայն կիրառման համար հաստատված պատվաստանյութ դեռևս չկա, ուստի զանգվածային պատվաստումներ չեն իրականացվում։ Այժմ ընթանում են թեկնածու պատվաստանյութերի և բուժման նոր մեթոդների փորձարկումները։
Ռիսկերը Հայաստանի համար
Հայաստանի Հանրապետության համար Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածր։ Դա պայմանավորված է բռնկման երկրների հետ ուղիղ ու ինտենսիվ հաղորդակցության բացակայությամբ, ինչպես նաև նրանով, որ վիրուսը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։
ՀՀ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային իրավիճակին և իրականացնել ԱՀԿ առաջարկած կանխարգելիչ քայլերը։

