Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Իրան, իսկ ԻԻՀ-ում գտնվողներին՝ հեռանալ Հայաստանի տարածքով (ՔԱՐՏԵԶ)
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման նախարարությունը (FCO) իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իրան ցանկացած այցելությունից, իսկ արդեն երկրում գտնվողներին՝ գնահատել հետագա գտնվելու ռիսկերը։ Որպես երկրից հեռանալու հնարավոր ցամաքային երթուղիներից մեկը գերատեսչությունը նշում է Հայաստանը։
«Մեծ Բրիտանիան տարածաշրջանում լարվածության ֆոնին ժամանակավորապես դուրս է բերել ողջ դիվանագիտական անձնակազմը Իրանից։ Դեսպանությունը շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, որոնք արդեն գտնվում են Իրանում, անկախ նրանից՝ բնակվում են այնտեղ, թե ժամանել են այցելությամբ, պետք է մանրակրկիտ գնահատեն հետագա գտնվելու անհրաժեշտությունը և դրա հետ կապված ռիսկերը», - նշվում է բրիտանական դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը խորհուրդ է տալիս հետևել տեղական և միջազգային լրատվամիջոցների հաղորդագրություններին, խուսափել ռազմական և անվտանգության օբյեկտների հարակից շրջաններից, կանոնավոր կերպով վերանայել երկրից հեռանալու ծրագրերը և հետևել ճամփորդական փաստաթղթերի վավերականությանը։
Բրիտանիայի ԱԳՆ-ն նշում է, որ Իրանի ցամաքային սահմանները կարող են փակվել առանց նախնական ծանուցման, իսկ ցամաքային անցակետերով հեռացողներն դա անում են սեփական ռիսկով։
«Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, որոնք հատում են Իրանի սահմանը Հայաստանի հետ, Հայաստան մուտք գործելու համար վիզա չի պահանջվում։ Նրանք կարող են երկրում գտնվել առանց վիզայի տարվա ընթացքում մինչև 180 օր», - ասված է հայտարարության մեջ։

