Մանկատան շրջանավարտները բնակարան ձեռք բերելու համար ավելի շատ գումար կստանան. կառավարությունն ընդունել է որոշումը

23.07.2026, 15:53
Մանկատան շրջանավարտներին հատկացվող բնակարանային աջակցության չափը հասել է 8.7 մլն դրամի
Մանկատան շրջանավարտները բնակարան ձեռք բերելու համար ավելի շատ գումար կստանան. կառավարությունն ընդունել է որոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել որոշմանը, որը նպատակաուղղված է մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման գործընթացում առկա խնդիրների լուծմանը:

Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, մանկատան շուրջ 300 շրջանավարտների բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել էր 1.9 մլրդ դրամ։ Սակայն մինչ օրս վկայագիր ստանալու իրավունք է ձեռք բերել 289 շահառու, որոնցից 8-ը չեն ներկայացել նախարարություն և չեն կնքել համապատասխան պայմանագիր:

Բացի այդ, շուրջ 10 շահառու, ստանալով վկայագրերը, մինչ օրս ավարտին չեն հասցրել անհրաժեշտ գործընթացները (բնակարանի ընտրություն, բանկային գործարքներ և այլն)։ Եվս 3 շահառու դիմել էր սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչի պատճառով նրանց դիմումները մերժվել էին։

Ընդունված որոշմամբ նախատեսվում է երկարացնել բնակարան ձեռք բերելու ժամկետները շուրջ 21 շահառուի համար (այդ թվում՝ գործընթացն ավարտին չհասցրածների և ժամկետանց դիմածների համար)։

Հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում գների աճը և հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի՝ 2026 թ.-ի փետրվարի վերլուծությունը մարզային քաղաքներում բնակարանների գների վերաբերյալ՝ որոշվել է բարձրացնել պետական աջակցության չափը։

Այսուհետ յուրաքանչյուր շահառուի տրամադրվող աջակցության գումարը 6.3 մլն դրամի փոխարեն կկազմի 8.7 մլն դրամ։

Որոշումը վերջնականապես կարգավորում է մանկատների սաների և շրջանավարտների բնակարանային ապահովման հետ կապված իրավահարաբերությունները:

Կարդացեք նաև. Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը