Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արդշինբանկը ճանաչվել է «Լավագույն բանկը Հայաստանում» բրիտանական Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության ժամանակ՝ հերթական անգամ հաստատելով իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։
Euromoney-ի գնահատմամբ՝ այս մրցանակը շնորհվել է Արդշինբանկին 2025 թվականի ընթացքում գրանցած կայուն ֆինանսական արդյունքների, վարկավորման շարունակական աճի, թվային ծառայությունների զարգացման և հաճախորդների սպասարկման որակի բարելավման համար։
Մրցանակաբաշխության ժյուրին ընդգծել է, որ Արդշինբանկը կարողացել է արդյունավետորեն համատեղել ֆինանսական կայունությունն ու տեխնոլոգիական նորարարությունը՝ ապահովելով շոշափելի արդյունքներ մանրածախ, կորպորատիվ և ՓՄՁ բանկինգի ուղղություններում։
2025 թվականին Արդշինբանկի վարկային պորտֆելն աճել է 30.3%-ով, իսկ հաճախորդների թիվը գերազանցել է 580 հազարը՝ արտացոլելով բանկի կայուն աճն ու հաճախորդների շարունակական վստահությունը։
«Այս մրցանակը մեզ համար կարևոր գնահատական է ոչ միայն ֆինանսական արդյունքների, այլև այն ռազմավարության համար, որը հետևողականորեն իրականացնում ենք՝ կառուցելով ժամանակակից, տեխնոլոգիական և հաճախորդակենտրոն բանկային ծառայությունների համակարգ։ Այն մեր ամբողջ թիմի աշխատանքի, մեր հաճախորդների վստահության և գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքն է։ Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել նորարարությունների, թվային լուծումների և ծառայությունների որակի բարելավման մեջ՝ ստեղծելով ավելի մեծ արժեք մեր հաճախորդների, Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի համար», - նշել է Արդշինբանկ ԲԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը։
Euromoney Awards for Excellence մրցանակաբաշխությունը համաշխարհային ֆինանսական ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից է։ Ամեն տարի այն գնահատում է աշխարհի առաջատար ֆինանսական հաստատությունների գործունեությունը՝ հաշվի առնելով ֆինանսական արդյունքները, ռազմավարական զարգացումը, նորարարությունները, թվային փոխակերպումը, կորպորատիվ կառավարումը և հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը։
Արդշինբանկը Euromoney-ի կողմից «Լավագույն բանկը Հայաստանում» մրցանակին արժանացել է նաև 2020 և 2023 թվականներին։ 2026 թվականի այս ճանաչումը վերահաստատում է Արդշինբանկի առաջատար դիրքը՝ արտացոլելով բանկի երկարաժամկետ զարգացման ռազմավարության արդյունավետությունն ու շարունակական ձգտումը գերազանցության։
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

