Ռուբեն Վարդանյանի փաստաբանը ՄԻԵԴ-ում կբողոքարկի Բաքվի դատարանի վճիռը՝ հայտարարելով Եվրոպական կոնվենցիայի 8 հոդվածների խախտման մասին
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հուլիսի 19-ին դիմում-բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Նրա խոսքով՝ դիմումը վերաբերում է Ադրբեջանի «Ումբակի» քրեակատարողական համալիրում Վարդանյանի պահման պայմաններին և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի ութ հոդվածների խախտումներին։
Սահակյանը հիշեցրել է, որ 2026 թ.-ի փետրվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանը Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ինչպես հայտարարել է փաստաբանը, Վարդանյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա ներկայացված 41 դրվագով, ընդ որում՝ դատավճռում անհատական մեղքը չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։
Փաստաբանի խոսքով՝ դատարանը Վարդանյանի կողմից քաղաքացիական վարչական պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես իշխանության բռնի զավթում, նրա առևտրային և բարեգործական գործունեությունը՝ որպես ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում, իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ որպես Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատել։
Սահակյանը նաև հայտնել է, որ Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարությունը եղել է բեմադրված և կանխորոշված, իսկ ներպետական բոլոր միջոցները՝ անարդյունավետ և որոշել է պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով:
Բաքվի հայ գերիների մասին
2026 թվականի հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան։
Նշված անձինք մտնում էին 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց թվի մեջ, որոնց պահվելը պաշտոնապես հաստատվել էր Բաքվի կողմից։ Միևնույն ժամանակ, հայկական իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են ադրբեջանական գերության մեջ գտնվող ևս շուրջ 80 հայերի մասին։
Փետրվարի 5-ին Բաքվի դատարանը հրապարակեց Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործերով դատավճիռները։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ 65 տարեկան հասակը լրանալու պատճառով, քանի որ Ադրբեջանի օրենսդրությունը ցմահ ազատազրկում չի նախատեսում այդ տարիքի անձանց համար։
Փետրվարի 17-ին նույն ժամկետի է դատապարտվել նաև Արցախի նախկին պետնախարար, միլիարդատեր և բարերար Ռուբեն Վարդանյանը։

