Տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել 2026 թվականի հունիսի 14-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան բնակավայրում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կապան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի թիվ 10 և 12 հասցեների հարակից լանջին գտնվող չշահագործվող հանքավայրի տարածքից դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով։
Վարչական վարույթի շրջանակում իրականացվել են տեղանքի ուսումնասիրություններ՝ աերոհետազոտության, ինչպես նաև հողի և անձրևաջրի նմուշների լաբորատոր հետազոտություններ։
Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինը վարչական վարույթի նյութերի հիման վրա առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

