Հայաստանի թիմը 6 մեդալ և գովասանագիր է նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

21.07.2026, 20:25
Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 67-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի դպրոցականների թիմն արձանագրել է բարձր արդյունքներ
Հայաստանի թիմը 6 մեդալ և գովասանագիր է նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 67-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի դպրոցականների թիմն արձանագրել է բարձր արդյունքներ՝ նվաճելով 1 արծաթե, 4 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր:

Ինչպես հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, երկու տեսական փուլով անցկացված ստուգատեսին մասնակցել է 120 երկրի 666 աշակերտ, իսկ թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը։

Արծաթե մեդալակիր է դարձել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել նույն վարժարանի 10-րդ դասարանցիներ Տիգրան Հախեյանն ու Արեն Գրիգորյանը, ինչպես նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (11-րդ դասարան) և Արսեն Մակարյանը (12-րդ դասարան)։

Գովասանագրով է պարգևատրվել ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանցի Արման Ասատրյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Գրիգոր Քերոբյանը («Վորլդքուանթ») և Նարեկ Խանդանյանը («Կրիսպ»):

Նշենք, որ նախորդ տարի Ավստրալիայում անցկացված 66-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել էր 3 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր։