Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանին. ամոթ չէ՞ խոսել խաղաղության մասին, երբ ՀՀ քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ

07.05.2026, 15:39
ՀՀ կառավարությունը չի կարողացել կազմակերպել Ադրբեջանում պահվող գերիների հետ կապի կայուն և հասկանալի կապի մեխանիզմ, հայտարարել է Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանին. ամոթ չէ՞ խոսել խաղաղության մասին, երբ ՀՀ քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արցախի նախկին պետնախարար, միլիարդատեր և բարերար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի պատասխանի հետ:

Ավելի վաղ Բաքվի բանտում գտնվող Վարդանյանն առաջարկել էր Հայաստանի ՄԻՊ պատվիրակությունն ուղարկել Բաքու՝ հայ գերիների հարազատների հետ միասին: Մանասյանը պատասխանել էր, որ չի կարող մոնիթորինգային այցեր իրականացնել երկրի սահմաններից դուրս գտնվող ազատազրկման վայրեր:

«Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր»,-հարազատների հետ հեռախոսազրույցում ասել է Վարդանյանը։

Նրա մոտ բավականին կոնկրետ հարցեր են առաջացել ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, այլև ՀՀ վարչապետի վերաբերյալ:

«Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը»,-հարցրել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։

«Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։ Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրեր փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ»,-ասել է Վարդանյանը։

Նա հայտնել է, որ մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները։

«Փոխարենը, եթե օգնություն ընդհանրապես հասնում է, այն կազմակերպվում է ոչ պաշտոնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշվի առնելու բանտարկյալների իրական կարիքները։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ որոշվել է փոխանցել նրանց ինչ-որ մեկի կողմից. սա օգնություն չէ, այլ ողորմություն»,-հայտնել է Վարդանյանը։

Նա նշել է, որ այնտեղ պահվողների շարքում կան տարեց՝ 70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է։

«Արդյո՞ք այս ամենը հայտնի է վարչապետին: Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է սահմանված կարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։ Չե՞ք ամաչում: Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության»,-հարցրել է Վարդանյանը։

Նա կոչ է աևել հայտարարել պատասխանատու անձին։ Հրապարակել աշխատանքի մեխանիզմը։ Բացատրել՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։

«Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է»,-եզրափակել է Վարդանյանը։

Բաքվի հայ գերիների մասին

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ իր մոտ պահվում են ընդամենը 33 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են, որ կան ևս 80 հայ գերիներ։ Ադրբեջանում ձերբակալված են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար և նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։

Նշենք, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան։