«Առաջարկում եմ ամեն տեղ չառաջնորդվել «Կիկոսի մահով». Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից հեռացման, գազի գնի ու 102-րդ ռազմաբազայի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի` ՀԱՊԿ-ից հնարավոր հեռացմանը և գազի գնի հնարավոր թանկացմանը, առաջարկել է ամեն տեղ չառաջնորդվել «Կիկոսի մահով»։
«ՀՀ-ն կայուն զարգանում է և շարունակելու է կայուն զարգանալ։ Այդ ընթացքում հանրաքվեի կարիք կլինի՝ կանենք հանրաքվե, երբ չի լինի կարիք՝ չենք անի։ Խնդիր կլինի ինչ-որ գին կառավարել՝ կկառավարենք, երբ չի լինի կարիք՝ չենք կառավարի։ Անընդհատ «Կիկոսի մահի» տրամաբանությամբ առաջնորդվելը մեր աշխատակարգն ու գործելաոճը չէ», - ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։
Նա հայտարարեց, որ պետք չէ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ։
«Ուզում են հեռացնեն՝ թող հեռացնեն, եթե չեն ուզում հեռացնեն՝ թող չհեռացնեն», - նշեց Փաշինյանը։
Անդրադառալով ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերմանը` վարչապետը հայտարարեց, որ Հայաստանն այդ հարցը երբեք քննարկման չի դրել։
«Հիմա Ռուսաստանն է դրել քննարկման, և մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ։ Բա ի՞նչ անենք․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդի նման ասենք՝ վա՜յ, բա որ գնացինք մարդի, ունեցանք որդի, անունը՝ Կիկոս, գլխարկը՝ պոպոզ, բազան հանեցին, վեր ընկանք քարին, մնացինք անտեր։ Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ, որդի ջան։ Չէ՛, ուզում են հանել՝ թող հանեն», - հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2022 թ.-ի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգությանը որևէ բան չի ավելացնում։
«Ասում եմ՝ մեզ պետք չէ: Եթե ուզում են հանեն, խնդրեմ, հենց վաղը թող հանեն, իսկ եթե ուզում են մնալ, պատրաստ ենք քննարկել մեզ ոչ անհրաժեշտ բազան ՀՀ-ում մնալու պայմանները», - ասաց Փաշինյանը։
Ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին
Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում 1995 թ.-ից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական պայմանագրի հիման վրա։ Բազան մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ Միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակում և հանդիսանում է Անդրկովկասում միակ ռուսական ռազմական բազան։
2010 թ.-ին կողմերը երկարաձգել են պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թ.-ը՝ հաջորդող հնգամյա ժամանակահատվածներում ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ։ Բազան հագեցած է, մասնավորապես, C-300 համալիրներով. անձնակազմի թիվը կազմում է մոտ 5 հազար մարդ։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանից Գյումրիից ռուսական ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության ու Հարավային Կովկասի անվտանգության կարևոր բաղադրիչ։
Անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե ՌԴ-ն ռուսական ռազմաբազան դուրս հանելու վերաբերյալ դիմում չի ստացել ՀՀ-ից, ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ասել է, որ ՀՀ-ն նույնպես ռուսական ռազմաբազայի` Հայաստանից դուրս բերելու վերաբերյալ դիմում կամ հաղորդում ՌԴ-ից չի ստացել։
Հայաստան – ՀԱՊԿ հարաբերությունների մասին
2024 թվականին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես պատճառ նշեց kազմակերպության կողմից անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունների չկատարումը:
ՀՀ ԱԳՆ-ն նույնպես հայտարարել էր, որ Երևանը ձեռնպահ է մնում 2024 թվականի կազմակերպության բյուջեի շրջանակում ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
Երևանում ավելի վաղ նշում էին, որ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կարող է ընդունվել 2022 թվականին Ադրբեջանի կողմից զավթված Հայաստանի ինքնիշխան տարածքների (շուրջ 200 քառ. կմ) շուրջ ստեղծված իրավիճակին կազմակերպության երկրների քաղաքական արձագանքի բացակայության դեպքում:
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ շարունակում են Երևանին տեղեկացնել ընդունվող որոշումների մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը մնում է կազմակերպության մասնակից, աջակցում է նրա որոշումներին, սակայն չի մասնակցում նիստերին:

