Երևանում ճանապարհներ կփակվեն, պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի COP17-ի անցկացման օրերին. Փաշինյան

17.09.2026, 16:11
Ճանապարհները կփակվեն, պետական համակարգը մի քանի օր կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյանը հայտնել է, թե ինչ է սպասվում  COP17-ի ընթացքում
Երևանում ճանապարհներ կփակվեն, պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի COP17-ի անցկացման օրերին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ COP17-ի անցկացման օրերին Երևանում մի շարք ճանապարհներ կփակվեն, իսկ պետական համակարգը մի քանի օր կանցնի հեռավար աշխատանքի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ճանապարհները փակվելու են։ Ժողովուրդ ջան, ներողություն ենք խնդրում։ Պետական համակարգը մի քանի օր կանցնի հեռավար աշխատանքի՝ նրանց, ում պետք չէ լինել COP17-ի վայրում», - ասաց Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև ընդգծեց, որ ՀՀ-ում խցանումների պատճառն այն չէ, որ վարչապետը ավտոշարասյունով շարժվում է։

Շուրջ 15 հազար հյուր և լրացուցիչ պահանջարկ

Վարչապետը նշեց, որ COP17-ի շրջանակում Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ։

«Ոչ թե քաղաքական ամբիցիայի համար ենք մենք COP17-ն անում, մենք դա անում ենք, որ այդ 15 հազար մարդн գա: Գիտենք, որ բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, տաքսիներ, հյուրանոցներ, հյուրատներ և այլ ծառայություններ կան, oգտվելու են, փող են ծախսելու, և մեր քաղաքացիները փող են աշխատելու»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև արձանագրեց, որ այդ գնաճային երևույթները կան։

«Ինչքան Հայաստանի պահանջարկը մեծանա, գնաճային երևույթները մեծանալու են», - հայտարարեց վարչապետը:

COP17-ի միջազգային նշանակությունը

Փաշինյանը նաև ընդգծեց առաջիկա համաժողովի քաղաքական և միջազգային նշանակությունը:

«COP17-ը քաղաքական մեծ նշանակություն ունի, քանի որ մենք կարևոր, շատ կարևոր հյուրեր ենք ունենալու: Դա լավ առիթ է մեր հյուրերի հետ տարածաշրջանային երկկողմ և միջազգային օրակարգի հարցերը քննարկելու համար», - ասաց նա։

COP-17-ը՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն է, որն այս տարի կանցկացվի Երևանում հոկտեմբերի 19-30-ը։