«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը անվտանգային սպառնալիք է ՀՀ անվտանգության համար. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հիմա մարտահրավերների հետ ենք առերեսվում, երբ գործ ունենք հրապարակային և ոչ հրապարակային խոսույթների և բանաձևումների զուգահեռ գոյության հետ։ Իմ կարծիքով՝ այստեղ է, որ նաև անվտանգության լրջագույն մարտահրավերներ են առաջանում, որոնց հետ մենք պետք է առնչվենք»,– ասաց Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ սահմանների ջնջված լինելը ինտերնետի տրամաբանությամբ ինֆորմացիա է տալիս, որ նմանատիպ պրոցեսներ տեղի են ունենում Ադրբեջանում։
«Մասնավորապես՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգության սպառնալիք է ՀՀ-ի համար, որը սպառնալիք է ՀՀ տարածաշրջանային անվտանգության համար և հաստատված խաղաղության համար լրջագույն մարտահրավեր է»,– նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ մարտահրավերների դրսևորումները ժամանակ առ ժամանակ տեսանելի են ամենատարբեր առիթներով, և հիմնական խնդիրը հետևյալն է, թե ինչպես է Հայաստանը պատկերացնում այս խնդիրների հասցեագրումը։
«Այստեղ կարևոր է արձանագրել, որ մեզ համար արդեն գոյություն ունի ճարտարապետություն, որով մենք պատկերացնում ենք այդ խնդիրների լուծումը», - ընդգծեց Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանում հաճախ քննարկվում է փոխադարձության սկզբունքը՝ այն տրամաբանությամբ, որ Հայաստանը պետք է անի այն քայլերը, որոնք անում են մյուսները, իսկ մյուսները՝ այն քայլերը, որոնք անում է Հայաստանը։
«Այս տրամաբանությունը երբեք չի բերի իրադրության փոփոխության, և մենք դա տեսանք 2024 թվականին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ մենք «X» պահի որոշեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից։ Տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա»,– նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի առաջ եկավ ընտրություն՝ շարունակել փոխադարձության այդ «պինգ-պոնգը», թե գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով։
«Մենք կայացրինք որոշում, որ համաձայնվում ենք այս տեքստին», - նշեց Փաշինյանը։

