Հայաստանը Գերմանիայից նվեր է ստացել շուրջ 900 հազ դոլար արժողությամբ 16 ռազմական ձնագնաց
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունից POLARIS PROSTR S4 Titan մակնիշի 16 միավոր ձնագնաց մեքենաները որպես նվիրատվություն ընդունելուն։
Կառավարության որոշման համաձայն՝ տեխնիկան Հայաստանին է փոխանցվել միջազգային ռազմական աջակցության ծրագրի շրջանակում։ Ձնագնացների հաշվեկշռային արժեքը կազմում է մոտ 325,4 մլն դրամ (շուրջ 900 հազար դոլար):
Ձնագնացները որպես պետական սեփականություն ամրացվելու են Հայաստանի պաշտպանության նախարարությանը:
Պաշտպանության նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում ապահովել Գերմանիայի դեսպանի հետ նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը:
Ավելի վաղ՝ հունիսի 17-ին, Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր գերմանական կողմից 16 ձնագնացների փոխանցման մասին: Գերատեսչությունում նշել էին, որ տեխնիկան նախատեսված է բարձրլեռնային տեղանքում զինծառայողների և փոքր թեթև բեռների փոխադրման համար:

