«Հայաստանում «սովորելու ամոթ» է եղել. Սոկրատն ու Արիստոտելը «ղալաթ են արել»». Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում երկար ժամանակ «սովորելու ամոթ» է եղել, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սովորելը ամոթ է, որովհետև եթե դու սովորում ես, ուրեմն չգիտես․ եթե չգիտես, ուրեմն տգետ ես։ Իսկ տգետ լինելը ամոթ է, դրա համար պետք է կանգնել ծառի տակ այնպես, իբր դու ամեն ինչ գիտես։ Սոկրատն ու Արիստոտելն ուղղակի «ղալաթ են արել»»,– ասաց Փաշինյանը կառավարության նիստում։
Նրա խոսքով՝ Հայաստանում սովորելու նկատմամբ նման վերաբերմունքի ձևավորման վրա ազդեցություն է ունեցել նաև քրեական ենթամշակույթը։
«Հայաստանի Հանրապետությունում իշխող էլիտաներին պետք է եղել, որ հնարավորինս շատ տգետ լինի երկրում, որ հնարավորինս հեշտ կառավարեն քրեական ենթամշակույթի միջոցով։ Ու քրեական ենթամշակույթի միջոցով հատկապես տղաների շրջանում սովորելը դարձել է ամոթ, սովորելը դարձել է «զապադլո»»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ կրթությունը նաև հնարավորություն է տալիս ազատվել կեղծիքից։
Նա ընդգծեց, որ որքան քիչ է սովորելը, այնքան մեծ է կեղծիքը։
«Ո՞վ պիտի անի։ Մերն է պատասխանատվությունը, մենք պիտի անենք, որ հետո չզարմանանք, ասենք՝ վայ, էս ո՞նց եղավ, որ սենց եղավ։ Այո, 0 դասարանում ենք մենք և պետք է փոխվել, գնալ առաջ, և ուրիշ ճանապարհ, բացի կրթությունը, չկա»,– հայտարարեց Փաշինյանը։

